ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Սոցիալական աշխատանք» և «Մանկավարժություն» մասնագիտություններ ունեցող բուհերի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը:
Հանդիպման նպատակն օրակարգային մի շարք հարցերի քննարկումն էր՝ «Երիտասարդական աշխատանք», ««Երիտասարդական աշխատող» հասկացությունների ընկալումները ակադեմիական միջավայրում», ««Երիտասարդական աշխատանքը»՝ որպես առանձին մասնագիտություն/մասնագիտացում կրթական ծրագրի ներդրման հնարավորությունները», ««Սոցիալական աշխատանք», «Երիտասարդական աշխատանք» հասկացությունների փոխկապակցվածությունը»:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին քննարկմանը մասնակցելու համար: Անդրադառնալով օրակարգի առաջին հարցին՝ Ա. Մարտիրոսյանն ընդգծել է «Երիտասարդական աշխատանք», «Երիտասարդական աշխատող» հասկացությունների սահմանման և ընկալման կարևորությունը՝ թիրախները ճիշտ մատնանշելու տեսանկյունից:
«Վերջին երեք տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում հասարակական և համայնքային կյանքի բարելավման հարցերում կարևոր գործոն է դարձել երիտասարդական աշխատանքը: Երիտասարդական աշխատանքն իր բնույթով երիտասարդների ներուժի բացահայտմանը, իրացմանը, հանրային կյանքի տարբեր ոլորտներում և մակարդակներում կայացվող որոշումներին ակտիվ մասնակցությանը և ներառմանը միտված սոցիալական գործունեություն է»,- ասել է Գոհար Մամիկոնյանը:
Հայաստանյան բուհերում «Երտասարդական աշխատանքը»՝ որպես մասնագիտություն, բացակայում է, կրթական ծրագիր չկա: Միայն ԵՊՀ-ում և ՇՊՀ-ում գործում է առարկայական ծրագիր:
Գոհար Մամիկոնյանի խոսքով՝ մինչև 2026 թ. նախատեսվում է պետական աջակցությամբ ունենալ երիտասարդական 26 կենտրոն, որոնք որոշակիորեն կուղղորդեն երիտասարդներին ինքնորոշվելու հարցում և կլինեն նրանց ռեսուրսի օգտագործման հարթակ:
«Երիտասարդական աշխատանք» կրթական ծրագրի ներդրման համատեքստում կողմերը կարևորել են արդեն իսկ ձևավորված փորձն ակադեմիական միջավայր բերելու հանգամանքը, խոցելի երիտասարդներին, նրանց զարգացումն ընդհանրապես առանցքում ունենալը:
Քննարկվել են որոշակի խնդիրներ ունեցող երիտասարդների հետ աշխատելու և երիտասարդներին խնդիրների լուծման գործընթացում ներգրավելու ուղղությունները: Ներկաները մատնանշել են նաև այն փաստը, որ հաճախակի փոփոխվող մարտահրավերների առկայությամբ գուցե նպատակահարմար է կարճաժամկետ ծրագրերի, վերապատրաստումների միջոցով պատրաստել երիտասարդական աշխատողների:
Քննարկման մասնակիցները տարորոշել են սոցիալական աշխատողի և երիտասարդական աշխատողի դերը համայնքի զարգացման, հասարակության կայացման գործում: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի մասին իրազեկելու նաև բուհերին և բարձրաձայնելու հնչեցրած խնդիրների արդիականությունը: