ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը մարտի 16-17-ը կանցկացնի «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողով, որի նպատակն է մայրաքաղաքի պատմությամբ և մշակութային ժառանգությամբ հետաքրքրվողներին ներկայացնել Երևանի հնագույն, միջնադարյան, նախախորհրդային և խորհրդային ժամանակաշրջաններում ստեղծված պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև արդի փուլում այդ ժառանգության պահպանությանն ու հանրահռչակմանը վերաբերող հարցերը:

Աշխատաժողովի հագեցած ծրագրում ներառված զեկուցումները հիմնականում վերջին տարիներին հետազոտողների նոր ուսումնասիրությունների արդյունք են, որոնք առանձին դեպքերում նոր լույս կսփռեն քաղաքի պատմական անցյալի, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում կերտված հուշարձանների պատմության վրա:

Աշխատաժողովի բացումը տեղի կունենա մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին. նիստի սկիզբը՝ 11։30-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: Մատենադարանյան նիստերին կներկայացվեն նյութեր՝ նվիրված Երևանի՝ հին և միջնադարյան ժամանակափուլերում ստեղծված մի շարք հուշարձանների:

Մարտի 17-ին՝ ժամը 11:30-ին, աշխատաժողովի աշխատանքները կշարունակվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում» (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, Վերնիսաժի հարևանությամբ), որտեղ նախատեսված է երկու նիստ՝ «Երևանը՝ նախախորհրդային և խորհրդային», ինչպես նաև «Երևանը՝ անկախության շրջաններում» բաժանմամբ: Այս նիստերին ներկայացվող զեկուցումները կվերաբերեն նշյալ փուլերի հուշարձաններին և դրանց առնչվող հարցերին:

Աշխատաժողովը կեզրափակվի կլոր սեղան-քննարկմամբ, որի ընթացքում կամփոփվեն աշխատաժողովի արդյունքները, ինչպես նաև կքննարկվեն Երևանի պատմամշակութային ժառանգությանն առնչվող հարցեր:

Աշխատաժողովին ներկայացվող թեմաներին կարելի է ծանոթանալ ծրագրում: