Տարին չարենցյան է. լրանում է հայ մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը:

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ե. Չարենցի տուն-թանգարանը հայտարարել էին «Կհառնե մշուշից – նաիրյան ոգին» խորագրով մրցույթ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար:

Մրցույթի նպատակն էր հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի գրական ժառանգության հանրահռչակումը, դպրոցահասակների շրջանում չարենցյան ոգին ճանաչելի դարձնելն ու նրանց՝ գրողի հայրենասիրությամբ տոգորելը:

Մարտի 9-ից 13-ը՝ յուրաքանչյուր օր, հրապարակվել են Եղիշե Չարենցի ստեղծագործություններից հատվածներ (օրական մեկ քառատող)՝ խառը դասավորությամբ, և աշակերտների խնդիրն էր հրապարակման մեկնաբանությունների բաժնում տեղադրել քառատողի ճիշտ տարբերակը:

Համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանած աշակերտը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել:

Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված մրցույթի 5 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է շուրջ 1000 պատասխան: Ներկայացնում ենք առաջինը ճիշտ պատասխանած հնգյակին՝

09.03.2022 թ. - Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արթուր Հարությունյան,
10.03.2022 թ. - Լոռու մարզի Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նարե Շավինյան,
11.03.2022 թ. - Տավուշի մարզի Բերդի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Գալուստ Գալստյան,
12.03.2022 թ. - Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Վեներա Հարությունյան,
13.03.2022 թ. - Շիրակի մարզի Գյումրու ՇՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Էդիտա Գալստյան:

Հաղթած աշակերտները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ե. Չարենցի տուն-թանգարանի խրախուսական նվերներով: