Մարտի 13-ին լրացել է մեծանուն գրող Եղիշե Չարենցի 125-ամյակը: Հոբելյանի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ ՀՀ ամբողջ տարածքում:

Գրողի ծննդյան օրը Եղիշե Չարենցի տուն-թանգարան են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ:

Տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը հյուրերին է ներկայացրել բանաստեղծի կյանքի մանրամասները, գրական-մշակութային, հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշները:

Նիկոլ Փաշինյանը հայ մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած ավանդի և երկարամյա անխոնջ գործունեության համար գրականագետ Անահիտ Եղիշեի Չարենցին պարգևատրել է Երախտագիության մեդալով:

Անահիտ Չարենցը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատանքի և մշակույթի նկատմամբ Կառավարության ցուցաբերած մեծ ուշադրության համար:

Հոբելյանական միջոցառումները մեկարկել են «Ե՛ս եմ հիմա - մի պոետ …» խորագիրը կրող երթով՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանից դեպի Եղիշե Չարենցի հուշարձան: Երթին հաջորդել է Հայաստանի նկարիչների միությունում Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացումը, այնուհետ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բացվել է «Ճանապարհ գրքով. Չարենց 125» ցուցահանդեսը և տեղի է ունեցել «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. մատենագիտություն» գրքի շնորհանդեսը: Հոբելյանական օրն ավարտվել է տուն-թանգարանում «Ամբոխները խելագարված» բեմադրությամբ:

Նշենք, որ ի թիվս այլ միջոցառումների՝ տարվա ընթացքում կիրականացվեն նաև նամականիշի մարման արարողությունը և «Եղիշե Չարենց 125» հուշամեդալի շնորհանդեսը: Միջոցառումների շարքը կավարտվի «Չարենցը և իր ժամանակը» գիտաժողովով՝ համագործակցելով ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ: