ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 75 տարեկանում կյանքից հեռացել է արձակագիր, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ալվարդ Պետրոսյանը:

60-70-ական թվականները, հետո նաև 80-ականներն արվեստի բոլոր ոլորտների համար բեղուն տարիներ էին, որոնք երևան բերեցին վառ անհատականություններ։ Նրանցից էր Ալվարդ Պետրոսյանը՝ հայ գրապատմական ընթացքի դեմքերից մեկը:

Քչերին է երբևէ հաջողվել երիտասարդ հասակում այնպիսի հաջողություն գրանցել, որպիսին Ալվարդ Պետրոսյանը: Ընդամենը տասնյոթ տարեկանում նրա գործերը տպագրվում էին «Բագին» ամսագրում: Տիպիկ հայկականությամբ ընդգծված պետրոսյանական կերպարը չէր լինի, եթե չլիներ նրա ազգային ծագումը, չլինեին հենց այն հայրն ու մայրը, որոնք սերում էին Կարնո և Սյունյաց աշխարհներից:

Սկսած 70-ականների վերջերից ընթերցողի սեղանին դրվեցին նրա «Երկրի պապերը» (Երևան, 1977 թ.), «Թռչնականչ» (Երևան, 1981 թ.), «Ես մի ծառ եմ ծիրանի» (Երևան, 1984 թ.), «Ապրելու օրենքը» (Երևան, 1989 թ.), «Բանաստեղծություններ» (Երևան, 2003 թ.), «Խմբերգերի ժամանակը» (Երևան, 2008 թ.), «Ապրելու զրո ժամ» (Երևան, 2012 թ.), «Հիշիր» (Երևան, 2016 թ.) գրքերը։

Գրողական-մասնագիտական շրջանակում մեծ ընդունելություն է գտել հատկապես «Ես մի ծառ եմ ծիրանի» վիպակը, որն Ալվարդ Պետրոսյանին մեծ հայտնիություն է բերել:

Ինչպես որ կա ազգային կինո, այնպես էլ կա ազգային գրականություն, որի առաջամարտիկներից եղավ Ալվարդ Պետրոսյանը՝ Համո Սահյանի նկատած «հող ջան»-ով, ծիրանի ծառով, երկրի պապերով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ալվարդ Պետրոսյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և ընթերցողներին: