ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Արդարադատության նախարարությունն անցկացրել է Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստ` «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի (Վարդաշենի) վերակազմավորման հնարավոր ուղղությունները» թեմայով:

Նիստը նախագահել է Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նիստին մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել մասնակցության համար:

«Գործնական ուսումնասիրությունները թույլ են տալիս արձանագրել, որ հակասոցիալական վարք դրսևորող երեխաների համար հանրապետական մակարդակում ապակենտրոնացված քաղաքականություն է վարվում, այսինքն՝ ոլորտում չկա մեկ միասնական քաղաքականություն, հետևաբար չկա նաև անհրաժեշտ արդյունք»,- ասել է Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ այդ ոլորտում թե՛ ոստիկանությունը, թե՛ Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրը, թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և թե՛ շահագրգիռ այլ կառույցներ գործում են առանձին:

Ըստ Ա. Սարգսյանի՝ նոր մոտեցմամբ պատժողական մեթոդաբանությունից անցում է կատարվել վերականգնողական մեթոդաբանության:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել թեմայի քննարկման հնարավորության և ՄԱԿ-ի մանկական զարգացման հիմնադրամի գործընկերներին՝ համագործակցության համար:

«Այս ոլորտում ունենք տարիների քննարկման փորձ, բայց չունենք որևէ հանգուցալուծում: Ոլորտային վերլուծությունների տրամաբանության տեսանկյունից հասել ենք մի կետի, որը մեզ թույլ կտա անցնել համագործակցության և ծառայությունների նոր մոդելների՝ ի նպաստ մեր երեխաների շատ ավելի արդյունավետ վերասոցիալականացման և ինտեգրման հասարակության ներսում: Ներկայում մենք ԿԳՄՍՆ-ի կողմից նախաձեռնել ենք փոփոխությունների մի շղթա, որը ենթադրում է արագ որոշումներ, անցում դեպի վերակազմավորման և վերաձևավորման նոր փուլեր, որոնք պետք է թույլ տան Վարդաշենի հատուկ կրթահամալիրի օրինակով ձևավորել երեխաների հետ աշխատանքի մի նոր մոդել և սկսել համընդհանուր ներառման գործընթացում որակական նոր փուլ»,- ասել է Ժ. Անդրեասյանը:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիի խոսքով՝ որդեգրած մոտեցումները պետք է լինեն երեխաների կոնկրետ կարիքներով պայմանավորված:

Ժաննա Անդրեասյանը մասնակիցներին ներկայացրել է ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները և հատուկ դպրոցների՝ դրանցից բխող վերակազմավորման անհրաժեշտությունը» զեկույցը հակասոցիալական վարք ունեցող երեխաների կրթության դերի մասին:

Նիստի ավարտին մասնակիցների միջև տեղի է ունեցել միջգերատեսչական հարց ու պատասխան: