ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացի մեկնարկի հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացի մեկնարկի հարցը, կազմվել են ժամանակացույց և գործողությունների պլան: Ինքնահավաստագրման գործընթացին վերաբերող քննարկումները կկրեն շարունակական բնույթ:

Նշենք, որ 2003 թվականին Եվրոպայի բարձրագույն կրթության նախարարները, հանդիպելով Բեռլինում, կոչ են արել ԵԲԿՏ-ին միացած երկրներին մշակելու Որակավորումների ազգային շրջանակներ, ինչպես նաև ստեղծելու ԵԲԿՏ-ի Որակավորումների համաեվրոպական շրջանակ։ 2005 թվականին Եվրոպական նախարարների Բերգենյան համաժողովում ընդունվել է ՈՇ-ԵԲԿՏ որակավորումների համընդհանուր շրջանակը՝ միայն բարձրագույն կրթության մակարդակների համար, իսկ 2008 թվականին ընդունվել է Որակավորումների եվրոպական շրջանակը, որը ներառում է կրթության բոլոր մակարդակները՝ սկսած հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթություն։ 2005 թվականին Բոլոնիայի գործընթացին միանալուց հետո՝ 2008 թվականին, Հայաստանում մեկնարկել է Որակավորումների ազգային շրջանակի մշակման գործընթացը, որը հաստատվել է 2011 թվականին և վերանայվել 2016 թ.-ին:

Որակավորումների ազգային շրջանակը և Որակավորումների ոլորտային շրջանակները կարևոր գործիքներ են որակավորումների ճանաչման ապահովման և կրթական ծրագրերի վերանայման համար։

2007 թվականին Լոնդոնի նախարարական գագաթաժողովում որոշում է կայացվել իրականացնելու Որակավորումների ազգային շրջանակների համադրում համաեվրոպական շրջանակի հետ ինքնահավաստագրման գործընթացի միջոցով։ Լինելով Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի անդամ՝ Հայաստանը ստանձնել է հանձնառություն իրականացնելու ՈԱՇ-ի ինքնահավաստագրման գործընթաց: Ներկայում այդ հանձնառությունը չեն իրականացրել միայն Բոլոնիայի գործընթացի անդամ 7 երկրներ:

Ինքնահավաստագրման համար առկա են որոշակի չափանիշներ և գործընթացներ, որոնց մեջ ներառված են որակին վերաբերող որոշ դրույթներ, ճանաչմանն առնչվող հարցեր և այլն: