ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2022 թվականի մշակութային ծրագրերի շրջանակում իրականացվում է «Արվեստի կառավարում» ծրագիրը, որը նախատեսված է ստեղծագործական բուհերի «Արվեստի կառավարում» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար՝ նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներում փորձառություն ձեռք բերելու նպատակով:

Մարտի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկել է «Արվեստի կառավարում» ծրագիրը: Մասնագետները մասնակից ուսանողներին, բուհերի ղեկավար կազմի ներկայացուցիչներին, նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավար կազմին ծանոթացրել են ծրագրի բովանդակությանը, նպատակներին և իրականացման գործընթացին:

«Արվեստի կառավարում» ծրագիրը ուսանողներին հնարավորություն կընձեռի վարպետության դասեր անցնելու բարձրակարգ մասնագետների մոտ և ձեռք բերած գիտելիքները կիրառելու գործնականում՝ համագործակցելով պետական մի շարք թատերահամերգային կազմակերպությունների հետ:

Ծրագրի մեկնարկին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:

Անդրադառնալով ծրագրի կարևորությանը՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ծրագիրն իր ձևաչափով աննախադեպ է, որովհետև խնդիրը ոչ միայն գործող տնօրենների և տեղեկատվական հատվածի վերապատրաստումն է, այլև մշակույթի ոլորտի պետական կառույցների կառավարման համակարգի մեջ ուսանողական կազմերից սաների ներգրավումը:

«Այս ծրագրով մենք լուծում ենք լրջագույն խնդիր. առաջին անգամ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի կառավարման ոլորտի ուսանողներին փորձելու ենք գործնականում ընդգրկել պետական կառավարման համակարգում: Շատ կարևոր է, որ տեսական գիտելիքները, որոնք ուսանողները ստանում են ուսումնառության տարիներին, ունենան գործնական զուգակցում: Ինչպես կինոկրթությունը հնարավոր չէ լիարժեք պատկերացնել՝ առանց կինոարտադրությանը կցված լինելու, ինչպես վերականգնողները չեն կարող զուտ տեսական գիտելիքներով դառնալ մասնագետ, այնպես էլ ապագա կառավարիչը չի կարող պրակտիկ կյանքից կտրված, զուտ տեսական գիտելիքներով դառնալ մասնագետ»,- շեշտել է նախարարի տեղակալը:

Արա Խզմալյանի դիտարկմամբ՝ արվեստի կառավարման ոլորտում առկա է կադրային լրջագույն խնդիր, քանի որ արվեստի կառավարման ֆակուլտետի ուսանողներն ավարտելուց հետո, պարզ չէ, թե ինչով են զբաղվում, այնինչ պետական կառույցի տնօրենի ընտրության հարցում հաճախ խնդիրներ են առաջանում, և ամենամեծ խնդիրը պրոֆեսիոնալ կառավարիչ գտնելն է:

«Ոլորտի կառավարիչները հաճախ պետական բյուջեից լրացուցիչ գումարներ են ուզում՝ դեռևս լիարժեք չլուծելով եղած միջոցների օգտագործման հարցը: Որպեսզի կարողանան լրացուցիչ միջոցներ ուզել կառավարությունից, պետք է վստահ լինել, որ տնօրինության տրամադրության տակ եղած միջոցները գրագետ են օգտագործվում»,- նշել է Արա Խզմալյանը և հավելել, որ ծրագրին մասնակցող ուսանողները նաև պետք է աջակցեն թատրոնների, համերգասրահների արդյունքային ցուցանիշները սահմանելուն՝ ինչ են ակնկալում յուրաքանչյուր թատրոնից, ինչ առաքելություն, դիմագիծ պետք է ունենա յուրաքանչյուր թատրոն, որտեղ են կրկնվում խաղացանկերը, կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը և այլն:

«Արվեստի կառավարում» ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանի ներկայացմամբ՝ ծրագրի ճանապարհային քարտեզը հետևյալն է. մարտի կեսերից մինչև ապրիլի սկիզբը ուսանողների հետ անցկացվելու են մի շարք դասընթացներ: Այն իրականացնելու համար հրավիրվել են մասնավոր ոլորտում հաջողված փորձ ունեցող մասնագետներ: 4-5 շաբաթ ուսանողները անցնելու են վարպետության դասեր, որին զուգահեռ՝ ուսանողները գործուղվելու են նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպություններ՝ գործնական փորձառության շրջան անցնելու համար:

«ՊՈԱԿ-ների տնօրենների և PR- մասնագետների հետ ուսանողները ձեռնամուխ կլինեն մշակելու տվյալ կազմակերպության ռազմավարական ծրագիրը: «Արվեստի կառավարում» ծրագրի շրջանակում ուսանողները մասնագետների հետ կմշակեն նաև ֆոնդահայթայթման ձեռնարկ, որը կօգնի, հնարավորություն կտա ՊՈԱԿ-ների ղեկավարությանը և ծրագրի մասնագետներին գործելու նոր հարթության վրա՝ մշակելով և իրականացնելով հետաքրքիր ու ստեղծարար նախագծեր»,- նշել է Զարմինե Զեյթունցյանը:

Նշենք, որ ծրագրի լավագույն ուսանողները կընդգրկվեն պետական միջոցառումների կազմակերպման աշխատանքներում: Այդպես կձևավորվեն ապագա տնօրենների ինստիտուտը, բազան, շտեմարանը: