Աշոցքում մարտի 2-ին մեկնարկել է Զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի խաղարկությունը: Մրցումային առաջին և երկրորդ օրերն անցել են հայ մարզիկների հաղթանակով:

Առաջին օրը տղամարդիկ մրցել են 10 կմ, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճերում, իսկ երկրորդ օրը՝ համապատասխանաբար 10 կմ դասական և 5 կմ դասական ոճերում: Երկու օրվա արդյունքում էլ տղամարդկանց պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Թադևոս Պողոսյանն Աշոցքից: Արծաթե մեդալակիր է դարձել Սպարտակ Ոսկանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է գյումրեցի Գարիկ Պարսամյանը:

Կանանց պայքարում էլ ոսկե մեդալը նվաճել է Պեկինի 2022 թվականի օլիմպիական խաղերի մասնակից, Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը: Երկրորդ տեղում Անգելինա Մուրադյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աննա Ռաշոյանը:

Մրցաշարին մոտ 40 մարզիկ է մասնակցում Հայաստանից, Լիբանանից և Սերբիայից: Մրցումային վերջին օրը՝ մարտի 4-ին, դահուկորդները կպայքարեն 1,1 կմ արագավազքում (սպրինտ):