2022 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավարը:

Ողջունելով ներկաներին՝ հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օլիմպիադային պատշաճ նախապատրաստվելու և համապատասխան կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու նպատակով հանձնաժողովը երկու շաբաթը մեկ կգումարի նիստեր՝ ընթացիկ իրավիճակը վերահսկելու, խնդիրներին արագ արձագանքելու և բոլոր աշխատանքները որակյալ կազմակերպելու համար:

«2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը հանձնաժողովին է ներկայացրել օլիմպիադայի՝ արդեն 3-րդ տարին գործող կազմակերպչական կոմիտեի կառուցվածքը և իրականացրած աշխատանքները: Գայանե Ղուկասյանի խոսքով՝ կազմկոմիտեի՝ օլիմպիադային մասնակցելու հրավերին անդամ երկրներից այս պահի դրությամբ արձագանքել և առցանց հարթակում գրանցվել է 64 երկիր: Նա փաստել է, որ հայտագրման գործընթացը կավարտվի մարտի 10-ին, և մինչև ամսվա վերջը կուրվագծվի պատվիրակությունների և մասնակիցների հստակ թվաքանակը: Գայանե Ղուկասյանը տեղեկացրել է, որ օլիմպիադային մասնակցելու են նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկել է պատվիրակությունների տեղակայման, գնումների գործընթացի, թարգմանչական, գնահատման և քվեարկության ծրագրային ապահովման, մշակութային ծրագրի, ինչպես նաև կամավորների հավաքագրման վերաբերյալ մի շարք հարցեր: