Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադային Հայաստանը ներկայացնող 37 մասնակիցներից 12-ն արժանացել են մեդալների՝ 1 ոսկե, 1 արծաթե և 10 բրոնզե:

Օլիմպիադան, որը կազմակերպվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, փետրվարի 15-23-ը տեղի է ունեցել Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Օլիմպիադային մասնակցել են 22 երկրների 218 թիմերի 1210 դպրոցականներ. 564-ը՝ մաթեմատիկայից, 340-ը՝ ֆիզիկայից, 306-ը՝ ինֆորմատիկայից:

Հայաստանը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցին (16 աշակերտ) և ‹‹Քվանտ›› վարժարանին (14 աշակերտ) այս տարի ավելացել են ևս երկու կրթօջախներ՝ ՀԱՊՀ ավագ դպրոցը (2 աշակերտ) և Գյումրիի ‹‹Ֆոտոն›› վարժարանը (5 աշակերտ): Օլիմպիադային առցանց ձևաչափով մասնակցել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի երկու, ‹‹Քվանտ›› վարժարանի, ՀԱՊՀ ավագ դպրոցի և Գյումրիի ‹‹Ֆոտոն›› վարժարանի մեկական թիմեր: Ընդ որում, բոլոր դպրոցներն արժանացել են մեդալների (ֆիզմաթ դպրոց՝ 1 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե, ‹‹Քվանտ›› վարժարան՝ 3 բրոնզե, ՀԱՊՀ ավագ դպրոց՝ 1 բրոնզե, ‹‹Ֆոտոն›› վարժարան՝ 2 բրոնզե):

Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վահրամ Ասատրյանը՝ մաթեմատիկայից, իսկ արծաթե մեդալի՝ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վահագն Հովհաննիսյանը՝ նույնպես մաթեմատիկայից:

Բրոնզե մեդալների են արժանացել՝

  • Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Մարիա Առաքելյանը (11-րդ դասարան) և Վյաչեսլավ Պետրոսյանը (11-րդ դասարան)՝ ֆիզիկայից, Ծովակ Եգորյանը (9-րդ դասարան) և Տիգրան Սարգսյանը (11-րդ դասարան)՝ ինֆորմատիկայից,
  • ‹‹Քվանտ›› վարժարանի սաներ Համլետ Պետրոսյանը (11-րդ դասարան)՝ մաթեմատիկայից, Հայկ Աղայանը (11-րդ դասարան) և Գագիկ Գևորգյանը (9-րդ դասարան)՝ ինֆորմատիկայից,
  • ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտ Արտաշես Մկրտչյանը (12-րդ դասարան)՝ ֆիզիկայից,
  • ‹‹Ֆոտոն›› վարժարանի սաներ Ժորա Ունուպօղլյանը (12-րդ դասարան) և Գևորգ Բոյաղչյանը (12-րդ դասարան)՝ ինֆորմատիկայից։

Հիշեցնենք, որ արդեն 18 տարի ՀՀ դպրոցների սաները մասնակցում են Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային: