ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 71 տարեկանում կյանքից հեռացել է գեղանկարիչ Համլետ Հովսեփյանը:

Համլետ Հովսեփյանը ծնվել է 1950 թ. Աշնակ գյուղում և ողջ ստեղծագործական կյանքն անցկացրել է իր քարքարոտ, իր իսկ խոսքով ասած՝ արևից այրված հայրենիքում:

1974 թ. Համլետ Հովսեփյանը ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը: Ազատ արվեստի որոնումները պատանի արվեստագետին տարել են Մոսկվա, որտեղ նա ապրել է 1978-1980 թվականներին, ծանոթացել այլախոհ մշակույթին, զբաղվել ինքնակրթությամբ, ստեղծագործել: Արվեստագետը հանրագիտարանային գիտելիքների կրող էր. փայլուն տիրապետում էր կինոյի, թատրոնի, երաժշտության, գրականության, կերպարվեստի պատմությանը: Գիտակ էր նաև երաժշտության։ Նրա տարերքը ժամանակակից արվեստն էր։

Համլետ Հովսեփյանը լայն ճանաչում է ձեռք բերել 1990-ական թվականներից: 1986-2019 թթ. նա ունեցել է անհատական 8 ցուցահանդես Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում և 8 տասնյակից ավելի խմբային ցուցահանդեսներ և ժամանակակից խոշոր նախագծեր աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես՝ 2001 թ.-ին Վենետիկի 49-րդ միջազգային բիենալեում, որի համար պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության դիպլոմով: ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ պարգևատրվել է ՀՀ վարչապետի մեդալով, հայ արվեստն արտերկրում լավագույնս ներկայացնելու համար 2011 թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության դիպլոմով:

Համլետ Հովսեփյանի ստեղծագործությունները ներդաշնակում են բնականն ու մշակութայինը, ինքնաբուխն ու տեխնոլոգիականը։ Իր վերացական-էքսպրեսիվ կտավներում անգամ արվեստագետը ներդրել է իր անխախտ հավատն առ տիեզերական կարգուկանոնը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Համլետ Հովսեփյանի հարազատներին, ընկերներին և արվեստի երկրպագուներին: