«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարում արդեն ավարտվել է մարզային փուլը, որին մասնակցել է 1594 հոգի: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը:

Սերգեյ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ 10 մարզում, Երևանում և Արցախի Հանրապետությունում բավականին հետաքրքիր պայքար է ծավալվել, ինչի արդյունքում ձևավորվել են մարզային այն թիմերը, որոնք մարտի 12-13-ը Չարենցավանում կմասնակցեն եզրափակիչ փուլին:

Բացի ՀՀ քաղաքացիներից՝ եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն նաև դեսպանատների ներկայացուցիչները, օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները: Սերգեյ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանում բնակվող օտարերկրացիների կողմից հետաքրքրություն կար մասսայական մարզական միջոցառումների նկատմամբ, և հենց իրենք են ցանկացել ընդգրկվել մրցումներում:

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանն էլ նշել է՝ բավականին լավ և որակյալ մասնակիցներ են ունեցել. «Նախ՝ շատ ողջունելի է, որ սեղանի թենիսը ևս ընդգրկվել է այս գեղեցիկ մրցաշարի շրջանակում: Ինչ վերաբերում է մասնակիցներին, ապա կարող եմ ասել, որ նրանց թվում շատ լավ որակներ ունեցող խաղացողներ կային, երևում էր՝ սիրահարված են այս մարզաձևին: Առհասարակ սեղանի թենիսը Հայաստանում մեծ տարածում ունի և շատ սիրված է: Հիմա անհամբերությամբ ենք սպասում մրցաշարի եզրափակիչ փուլին: Տեսնենք՝ ինչ պայքար կընթանա արդեն Չարենցավանում»:

Ինչպես հայտնի է, «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի մեկնարկը տրվել է անցած տարի, երբ Սևանում անցկացվեցին հեծանվավազքի, իսկ Էջմիածնում՝ կրոսավազքի մրցաշարերը: Այս տարի մարզաձևերի քանակն ընդլայնվել է. այս երկու մրցումներին գումարվել են սեղանի թենիսի և լողի սիրողական մրցաշարերը: ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանի խոսքով՝ նախորդ տարվա մրցաշարերից հետո շատ դրական արձագանքներ են ստացել բնակչության կողմից:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն նաև ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,
11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Ընդհանուր առմամբ դրամական պարգևներ կստանան 80 մասնակիցներ: Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: