Հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում կայանալու են «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերը, որոնց մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Մրցաշարին 45 երկրի պատանի մարզիկներ կմասնակցեն, իսկ Հայաստանը ներկայացուցիչներ կունենա շուրջ 10 մարզաձևում՝ բռնցքամարտ, կուրաշ, սամբո, լողափնյա վոլեյբոլ, աթլետիկա, սեղանի թենիս, լող, նետաձգություն, թաեքվանդո և գեղարվեստական մարմնամարզություն: Դեռևս հարցականի տակ է բասկետբոլիստների և բադմինթոնիստների մասնակցությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել և քննարկել մրցաշարի մասնակցության վերաբերյալ որոշ հարցեր:

«Բավականին լուրջ մրցաշար է, որին պետք է պատշաճ պատրաստվել և ներկայանալ»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով նաև, որ ընդունող կողմը հոգալու է կացության և սննդի ծախսերը. ֆեդերացիաներին մնալու է միայն լուծել ճանապարհածախսի հարցերը:

Սպասվում է, որ «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի մասնակիցների ընդհանուր թիվը ավելի քան 4 հազար մարդ կկազմի: 19 մարզաձևում նախատեսվում է խաղարկել մեդալային 266 հավաքածու: Խաղերն անցկացվում են ՌԴ նախագահի և կառավարության, Ասիայի օլիմպիական խորհրդի, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի, ՌԴ սպորտի նախարարության և ՌԴ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: