Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում եզրափակիչ են դուրս եկել օղակներ վարժությունում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ նժույգթափերում կատարել է նոր տարր, որը կգրանցվի իր անունով: Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս նաև երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը:

Առանձին գործիքներից լավագույն եռյակում ընդգրկված մարզիկները կմասնակցեն աշնանը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն աշխարհի գավաթի խաղարկությունում հանդես է գալիս որպես մրցավար, Հայաստանի թիմին ուղեկցում է մարզիչ Հայկ Նազարյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ երկու փուլերը տեղի կունենան համապատասխանաբար Դոհայում և Կահիրեում: Երկրորդ մրցմանը թիմին կմիանա նաև Հարություն Մերդինյանը:

Դոհայում աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի փետրվարի 28-ից մարտի 6-ը, իսկ Գերմանիայի մրցաշարը կավարտվի փետրվարի 27-ին: