Երևանում ավարտվել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանի առաջին հուշամրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի ազատ ոճային երիտասարդ ըմբիշները: Մրցաշարին 65 ըմբիշ է մասնակցել, որից 9-ը՝ Վրաստանից:

Լյովա Վարդանյանի առաջին հուշամրցաշարի ոսկե մեդալակիրներ են դարձել Հելբերտ Սահակյանը (57 կգ), Գոռ Գրիգորյանը (61 կգ), Լուկա Յանեզաշվիլին (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Արեն Իսրայելյանը (74 կգ), Օթարի Աբեիսշվիլին (79 կգ), Նիկա Ֆեստվենիձեն (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):

Մրցաշարի պարգևատրման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը և սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորել է նման մրցաշարերի անցկացումը, ինչպես նաև վաստակ ունեցող գործիչների մեծարումը. «Լյովա Վարդանյանն իր գործի նվիրյալն էր, մեծ պրոֆեսիոնալ: Շատ ճիշտ է այսպիսի մրցաշարով ոգեկոչել նրա հիշատակը: Առհասարակ, նման հուշամրցաշարերը մեզ հնարավորություն են տալիս չմոռանալ անցյալն ու գնահատելով, արժևորելով այն՝ նայել դեպի ապագա»:

Մրցաշարի կազմակերպիչներն էլ նշել են՝ ամեն ինչ կանեն, որպեսզի այն ամենամյա բնույթ կրի: