Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով, որը մեծ իրադարձություն է մայրաքաղաքի երաժշտական կյանքում: Հայաստանում առաջին անգամ հանդես կգա համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Վասիլի Պետրենկոն:

Ծրագրում կհնչեն Վեբերի ‹‹Ազատ հրաձիգը›› օպերայի նախերգանքը, Ռավելի Դաշնամուրի կոնցերտ G-dur-ը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը:

Նշենք, որ համերգի դիրիժոր Վասիլի Պետրենկոն մեր ժամանակի ամենապահանջված դիրիժորներից է: Հեղինակավոր «Financial Times» դիրիժորի համերգները նկարագրելիս նշում է. ‹‹Պետրենկոյի համերգներին մթնոլորտն ուղղակի ծայրաստիճան շիկացած է: Սակայն դա չէ, որ հիացմունք է պատճառում բանիմաց և նրբաճաշակ ունկնդրին, այլ նվագախմբի ամբողջական և ներդաշնակ հնչողությունը և այն զգացմունքայնությունը, որով նվագում են երաժիշտները››:

«Այս կարգի մեծության դիրիժոր վերջին հիսուն տարիների ընթացքում հայկական նվագախմբերի հետ հանդես չի եկել»,- ընդգծել է Էդուարդ Թոփչյանը:

Պետրենկոն Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է, Եվրամիության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը, Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դափնեկիր դիրիժորը և Ռուսաստանի Սվետլանովի անվան պետական ակադեմիական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: Նա հեղինակավոր «Gramophone Awards»-ի կրկնակի և «Classical BRIT Awards»-ի մրցանակակիր է: Երկրորդ անձնավորությունն է, ով արժանացել է Լիվերպուլի համալսարանի և Լիվերպուլի «Hope» համալսարանի պատվավոր դոկտորի աստիճանի: Նա նաև Լիվերպուլի Ջոն Մուրս համալսարանի պատվավոր անդամ է:

Երևանյան համերգի մենակատարն է անվանի և մեր ունկնդրի կողմից արդեն սիրված դաշնակահար Սիմոն Տրպչեսկին (Հյուսիսային Մակեդոնիա): Իր հարցազրույցներից մեկում նա նշել է, որ այնքան է սիրում Հայաստանը, որ պատրաստ է անգամ Տրպչյան գրվելու: Տրպչեսկին հայտնի է ոչ միայն իր հզոր և վիրտուոզ կատարումներով, այլև իր խոր արտահայտչական մոտեցմամբ և բեմական խարիզմայով: Քսան տարի առաջ միջազգային ելույթները սկսելով որպես BBC-ի նոր սերնդի արտիստ՝ նա կարիերայի սրընթաց աճ գրանցեց՝ ելույթ ունենալով չորս մայրցամաքների լավագույն համերգասրահներում և հարյուրավոր նվագախմբերի հետ՝ Լոնդոնի սիմֆոնիկ, Ֆրանսիայի ազգային, Թագավորական Կոնցերտգեբաու, Դրեզդենի ֆիլհարմոնիկ, Քլիվլենդի, Ֆիլադելֆիայի, Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Չիկագոյի, ինչպես նաև Ճապոնիայի, Հոնկ Կոնգի, Սիդնեյի, Մելբուրնի և այլ հեղինակավոր նվագախմբերի հետ:

Հատկապես Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Տրպչեսկին կապված է երկարամյա համագործակցությամբ: Այդ կապն ավելի ամրացավ, երբ նվագախմբի գլխավոր դիրիժոր նշանակվեց Վասիլի Պետրենկոն: Բացի համատեղ համերգներից՝ նրանք միասին ձայնագրել են ռուսական դաշնամուրային երկացանկի հսկաների ստեղծագործությունները՝ Ռախմանինովի բոլոր չորս կոնցերտները, Ռապսոդիա Պագանինիի թեմայով (Avie Records), Չայկովսկու երկու կոնցերտները և Պրոկոֆևի թիվ 1 և 3 կոնցերտները (Onyx Classics):