Ծաղկաձորում փետրվարի 20-ից մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունը, որին տարբեր տարիքային խմբերում շուրջ 50 լեռնադահուկորդ է մասնակցում Ծաղկաձորից, Վանաձորից, Ապարանից, կան նաև անհատ մարզիկներ:

Մրցումային առաջին և երկրորդ օրերին կայացել են հատուկ ոլորավայրէջքի մրցումները: Այս մրցաձևի մեծահասակների առաջնության տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել Հարություն Հարությունյանը, արծաթե մեդալը նվաճել է Արսեն Ղազարյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մայիս Եղիազարյանը: Նրանք երեքն էլ ներկայացնում են Ծաղկաձորը:

Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել է Արուս Եղիազարյանը Ծաղկաձորից: Երկրորդ տեղում նրա համաքաղաքացի Իլոնա Մանուկյանն է, իսկ բրոնզե մեդալակիրն Անահիտ Սահակյանն է Վանաձորից:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի առաջնությանը միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ է հետևում՝ որպես տեխնիկական պատվիրակ, իսկ կազմակերպչական առումով ամեն ինչ գրեթե անթերի է. «Ինչ վերաբերում է մրցումներին, ապա առաջնության ավարտին վերլուծություններ կանենք մարզիչների և մարզիկների հետ: Մրցումային 4 օրերի արդյունքում կերևա նաև, թե ինչ աշխատանք է արվել ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը: Արդյունքները վերլուծելով՝ կհասկանանք, թե որ հարցերում ենք թերացել և ինչ աշխատանքներ պետք է տանենք ավելի զարգանալու համար»:

Հայաստանի առաջնությունից հետո՝ մարտի սկզբին, կանցկացվի դահուկավազքի Հայաստանի առաջնությունը, որին զուգահեռ՝ Հայաստանը երկրորդ անգամ կընդունի զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի առաջնությունը. այն կանցկացվի մարտի 2-4-ն Աշոցքում:

«Արդեն 3 պետությունից՝ Լատվիայից, Լիբանանից և Սերբիայից, մասնակցության հայտ ենք ստացել: Եվս մի քանի երկրից դեռ սպասում ենք մասնակցություն: Մեզ համար շատ մեծ պատիվ է նման միջոցառում անցկացնելը»,- ասում է Գագիկ Սարգսյանն ու ընդգծում՝ արտերկրի մարզական պատվիրակների ճանապարհածախսը հոգալու է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան:

Ինչ վերաբերում է լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությանը, ապա փետրվարի 23-ին և 24-ին կանցկացվեն հսկա ոլորավայրէջքի մրցումները տղամարդկանց և կանանց պայքարում: Առաջնությունը կավարտվի փետրվարի 24-ին:

Նշենք, որ փետրվարի 22-23-ը Ծաղկաձորում անցկացվում է նաև պարալեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը: