«ՀայՓոստը» մասնակցում է Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) հայտարարած նամակագրական շարադրությունների միջազգային 51-րդ մրցույթին: Մրցույթի նպատակն է նամակ գրելու արվեստի միջոցով բարելավել գրագիտությունը, ստեղծագործական հմտությունները և կատարելագործել լեզվական ունակությունները:

Մրցույթի թեման է «Գրի՛ր նամակ որևէ ազդեցիկ անձի՝ բացատրելով, թե ինչու և ինչպես է պետք գործել կլիմայական ճգնաժամի պարագայում»: Մրցույթին կարող են մասնակցել 9-15 տարեկան դպրոցականները:

Մրցույթի հայաստանյան փուլն իրականացնում են «ՀայՓոստը», ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները:

Նամակներն անհրաժեշտ է մինչև 2022 թվականի ապրիլի 21-ն ուղարկել anna.barkhudarova@haypost.am էլեկտրոնային հասցեով կամ փոստային ծառայության միջոցով՝ «ՀայՓոստ» ՓԲԸ, Երևան, 0002, Սարյան 22, Ֆիլատելիայի բաժին:
Մրցույթի արդյունքում լավագույն ճանաչված նամակը «ՀայՓոստը» կներկայացնի ՀՓՄ միջազգային բյուրո՝ միջազգային մրցույթին մասնակցելու համար:

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութից («Մրցույթի կանոնները») կամ զանգահարել «ՀայՓոստ» ընկերության Ֆիլատելիայի բաժին +374 91 205 243 հեռախոսահամարով (կոնտակտային անձ՝ Աննա Բարխուդարովա):

Հիշեցնենք, որ Հայաստանի մասնակիցները երկու անգամ հայտնվել են Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) հայտարարած նամակագրական շարադրությունների միջազգային մրցույթի լավագույն տասնյակում: