ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բնագավառում 2022 թվականին տարվող աշխատանքների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, ինչպես նաև ՀՀ մարզերի ու Երևան քաղաքի սպորտի պատասխանատուները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ այս պահին աշխատում են մասսայականությունը մարզեր տարածելու նշանաբանով, առհասարակ մասսայականությունն ավելացնելու առաքելությամբ. այդ տեսլականն է առավել ընդունելի։

«Կան մարզեր, որոնց հետ խնդիր չկա՝ Շիրակը, Լոռին, Վայոց Ձորը, Գեղարքունիքը, բայց մարզեր էլ կան, որոնց հետ պետք է ավելի սերտ համագործակցություն ապահովենք և բացառենք բոլոր խնդիրները։

Այս տարի «Վարչապետի գավաթի» 4 սիրողական մրցաշար ենք անցկացնելու՝ նախորդ տարվա երկուսի փոխարեն։ Այդ 4 խոշոր մրցումներից մեկն արդեն մեկնարկել է` սեղանի թենիսի սիրողական մրցաշարը, որի մարզային փուլն ընթացքի մեջ է: Մրցումներից հետո բոլոր սեղանները, որոնք շատ բարձր կարգի պրոֆեսիոնալ սեղաններ են, տրամադրելու ենք մարզերին ու Երևանին»,- նշել է Կարեն Գիլոյանն ու բարձրացրել նաև մրցաշարի մասնակցության ցուցանիշի հարցը, որը, ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով, այնքան էլ բարձր չէ:

Կարեն Գիլոյանը նաև նշել է՝ «Վարչապետի գավաթի» շրջանակում Գեղարքունիքի մարզն այս տարի երկու մրցում կընդունի, լողի և հեծանվավազքի սիրողական մրցաշարերը: Բացի դրանից՝ այս տարի ևս կանցկացվի կրոսավազքի մրցաշարը. «Դեռևս հստակություն չկա՝ այն որ մարզում կանցկացնենք՝ Արմավիրում, թե Արարատում: Արտաշատի մարզադաշտն ենք նորոգում: Հնարավոր է՝ այս տարի կրոսավազքի մրցաշարն Արարատի մարզում անցկացնենք, եզրագիծն էլ այդ մարզադաշտում հատենք: Մասսայական մրցաշարերի ցանկում հնարավոր է նաև դահուկավազքն ավելացնենք: Շիրակի մարզը կարող է արդեն աստիճանաբար պատրաստվել, գուցե դեկտեմբերին նաև դա կազմակերպենք»:

Սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանն էլ նշել է՝ այս տարի ևս երեք մասսայական միջոցառում է նախատեսվում արդեն դպրոցականների համար. «1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների համար կկազմակերպվի սպորտլանդիա, իսկ 7-12-րդ դասարանցիների համար՝ սպարտակիադա: Այս տարի կանցկացվեն նաև ռազմամարզական խաղերը: Սրանք ավանդույթ ունեցող մրցաշարեր են, պարզապես պետք է ժամանակացույցի հարցում համաձայնության գալ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ՀՀ մարզերի սպորտի պատասխանատուներին հորդորել է սերտ համագործակցել մրցումների կազմակերպման հարցում. «Ձեր աջակցությունը շատ կարևոր է: Շատ կցանկանամ, որ մեր համագործակցությունը դրական արդյունք տա, և ստանանք այն, ինչը նպատակ ենք համարում ի սկզբանե»:

ՀՀ մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները ԿԳՄՍ նախարարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են նաև տարատեսակ հարցեր՝ կապված աշխատանքային որոշակի խնդիրների, գույքային հարցերի հետ: Կարեն Գիլոյանը խոստացել է ուսումնասիրել և լուծում տալ դրանց: