Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցահանդեսի պաշտոնական բացումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է թանգարան և ծանոթացել «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված նմուշներին:
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ: Մեկտեղվել են Արտաշատ հնավայրի տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված այն գտածոները, որոնք լավագույնս են ներկայացնում հուշարձանի մի քանի հազարամյակ ընդգրկող պատմությունը։
Ցուցադրվում են կնքադրոշմներ, արձանիկներ, գունազարդ խեցեղեն, դրամներ, սափորներ և կարասներ, ռիտոններ, զարդեր և այլ ուշագրավ ցուցանմուշներ, որոնց զգալի մասն առաջին անգամ է ներկայացվելու: Ցուցադրության նպատակն է բացահայտել հին աշխարհի այս կարևոր կենտրոնի դերը միջազգային, քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններում:
2021 թվականի նոյեմբերից «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ՝ կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը: