The Earth Prize բնապահպանական միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել են «Այբ» դպրոցի աշակերտները և անցել եզրափակիչ փուլ՝՝ ընդգրկվելով դիմորդ-թիմերի լավագույն տասնյակում։

Մրցույթում Հայաստանը ներկայացնում են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Իլյա Լալազարյանը, Նանե Ենգիբարյանը և Մերի Շուշանյանը՝ «Այբ» դպրոցի քիմիայի ուսուցիչ Լիլիթ Համբարձումյանի գիտական ղեկավարությամբ: Թիմը ներկայացրել է բժշկական դիմակների վերամշակման «Rene'Mask» նախագիծը։

Ըստ «RenéMask» նախագծի՝ առաջարկվում է միանգամից երկու առանցքային խնդրի՝ շրջակա միջավայրի աղտոտվածության և էներգիայի այլընտրանքային աղբյուրների աճող պահանջարկի լուծում։ Դիմակների քիմիական մշակմամբ հնարավոր է ստանալ հեղուկ վառելանյութ, որը կարող է օգտագործվել ջերմություն հաղորդող սարքերում և որոշ շարժիչներում։

Միջազգային մրցույթին հայտ էր ներկայացրել 114 երկրից 516 դպրոց, ընդհանուր՝ 650 թիմ։ Հայաստանը ներկայացնող «RenéMask» նախագծով «Այբ»-ի աշակերտները մրցելու են ինը թիմերի հետ Մեծ Բրիտանիայից, Վիետնամից, Շվեյցարիայից, Թայվանից, Կանադայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հարավային Կորեայից, Ճամայկայից և Քենիայից։ Լավագույն տասնյակի դպրոցներից են հեղինակավոր Eton Collage (ՄԲ), Havergal College (Կանադա), International School of Zug and Luzern (Շվեյցարիա) և այլն։

Հավելենք, որ The Earth Prize-ը բնապահպանական կայունության մրցույթ է 13-19 տարեկան նույն դպրոցի աշակերտների թիմերի համար։ Մրցույթի պահանջն էր, որ աշակերտները ներկայացնեին բնապահպանական որևէ խնդրի լուծում՝ միտված աշխարհն էկոլոգիապես ավելի կայուն դարձնելուն։

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մարտի 25-ին։ Աշակերտներն իրենց նախագիծն առցանց կներկայացնեն հեղինակավոր ժյուրիին։ Մրցանակային ֆոնդը 200 000 ԱՄՆ դոլար է։