Փետրվարի 19-ը՝ Հ. Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր. այդ օրը նշանավորվում է տարաբնույթ ծրագրերով և միջոցառումներով:

Փետրվարի 18-19-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 18-ին, որի շրջանակում կկայանան գրադարանի 2021 թվականի լավագույն ընթերցողների պարգևատրման ու IBBY միջազգային կազմակերպության «Պատվո ցուցակ 2020»-ի դիպլոմների հանձնման արարողությունները:

Երկօրյա միջոցառումների շրջանակը բավական ընդգրկուն է. միջոցառումներն իրականացվում են ինչպես գրադարանում, այնպես էլ գրադարանից դուրս:

Այս տարի առաջին անգամ կիրականացվի «Քո առաջին գիրքը» ակցիան, որի շրջանակում գրադարանի աշխատակիցները փետրվարի 17-19-ը գրքեր են նվիրելու ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այդ օրերին կհյուրընկալվեն երիտասարդ, բայց արդեն հանրաճանաչ գրողներ, մանկագիրներ: «Հեքիաթի սրահում» երեխաների համար հեքիաթներ կընթերցեն զինվորները:

Նախատեսվում են գրքերի ցուցադրություն, շնորհանդեսներ, հանդիպում մանկագիրների և հոգեբանի հետ: Կկազմակերպվեն ինտերակտիվ խաղեր, վիկտորինաներ, վարպետության դասեր, թատերական բեմականացումներ, մուլտֆիլմերի ցուցադրություններ, երաժշտական ունկնդրումներ:

Գրադարանը սիրով հրավիրում է ընթերցասեր հանրությանն ու նրանց փոքրիկներին` մասնակցելու Գրքի տոնին նվիրված միջոցառումներին: