«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի շրջանակում փետրվարի 12-ին Գյումրիում կայացել են Շիրակի մարզային փուլի մրցումները:

Մարզային փուլի մրցումներին մասնակցել են այն թենիսիստները, ովքեր մինչև փետրվարի 8-ը Գյումրիում, Արթիկում, Անիում, Ախուրյանում, Աշոցքում և Ամասիայում անցկացված համայնքային փուլի մրցումներում մրցանակային տեղեր են զբաղեցրել: Համայնքային փուլի մրցումներին 117 մարդ է մասնակցել:

Մրցումների արդյունքներով ձևավորվել է Շիրակի մարզի հավաքական թիմը, որը մարտի 12-ից 13-ը կմասնակցի Չարենցավանում անցկացվելիք հանրապետական փուլին:

Մրցումներն անցկացվում են տարիքային երկու խմբով: Առաջին տարիքային խմբում ընդգրկված են 18-ից 35 տարեկան կանայք և 18-ից 40 տարեկան տղամարդիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 36 և բարձր տարիքի կանայք ու 41 և բարձր տարիքի տղամարդիկ:

Ավելի վաղ անցկացվել են նաև Երևանի, Կոտայքի, Սյունիքի, Լոռիի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզային փուլերը:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, իսկ 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,
11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: