Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագիրը կրող ցուցահանդեսը:

2021 թվականի նոյեմբերից «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ` կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը:

Ցուցահանդեսը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ:

«Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 18-ին, իսկ լայն հանրության համար այն հասանելի կլինի փետրվարի 19-ից:

«Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցադրության շրջանակում ի մի են բերվել Արտաշատի՝ տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված այն գտածոները, որոնք լավագույնս ներկայացնում են հուշարձանի մի քանի հազարամյակ ընդգրկող պատմությունը. ներկայացվելու է շուրջ 300 ցուցանմուշ։ Ցուցադրության նպատակն է հանրությանը ներկայացնել հնագույն մայրաքաղաքի պատմությունն ու պեղված եզակի նմուշները։

Հայոց մայրաքաղաքի կանոնավոր ուսումնասիրությունը և հնագիտական պեղումները, որ սկսվել են 1970 թ. ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի արշավախմբի կողմից, շարունակվում են մինչ օրս։