Վերջին տարիներին Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորումը զգալիորեն ավելացել է. միայն 2022 թվականին նախորդ տարվա համեմատ ֆինանսավորումն աճել է շուրջ 83 տոկոսով:

Այդ մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը՝ ընդգծելով, որ 2018-2019 թվականների համեմատ ներկայում գիտության ֆինանսավորումը գրեթե կրկնապատկվել է:

«Վերջին երկու տարիների ընթացքում գիտության ֆինանսավորումը դարձյալ ավելացել էր, բայց ոչ այս կարգի աննախադեպ թվերով. օրինակ՝ 2020 թ.-ին այն ավելացել էր 1.5 մլրդ դրամով, 2021 թ.-ին՝ ևս 2 մլրդ դրամով, իսկ 2022 թ.-ին նախորդ տարվա համեմատ աճել է 83%-ով, որը մոտավորապես կազմում է 25,1 մլրդ դրամ: Որպեսզի համեմատենք՝ սա ինչ թիվ է 2018-19 թվականների նկատմամբ, կարելի է ասել՝ գիտության ֆինանսավորումը կրկնապատկվել է. շուրջ 13 մլրդ դրամ էր հետհեղափոխական ժամանակ գիտության ֆինանսավորումը»,- փաստել է բանախոսը:

Նրա խոսքով՝ 2020-2021 թթ.-ի ընթացքում ներդրվել են նոր ծրագրեր, և իրականացվել մեծ բարեփոխումներ, որոնց արդյունքում ձևավորվել են նաև համապատասխան պարտավորություններ:

«Մրցույթներ ենք հայտարարել, հաղթողները շահել են, և մենք պետք է ֆինանսավորենք: Այսօր Հայաստանում գիտության ոլորտն ավելի գրավիչ է, քան երկու տարի առաջ էր: Ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ ավելացել է նաև գիտական դրամաշնորհային մրցույթների թիվը, հետևաբար նաև գիտական խմբերի մասնակցությունն ավելի ակտիվ է դարձել: Ավելացել է նաև գիտական ծրագրերի իրականացման համար նախատեսված սարքերի ձեռքբերման ֆինանսավորումը: Այսինքն՝ հնարավորությունները մեծացել են, և հետաքրքրությունը գիտության նկատմամբ ավելացել է»,- շեշտել է Արթուր Մովսիսյանը:

Նա վստահեցրել է՝ գիտության ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ՝ նշված ուղղություններով ավելի մեծ առաջընթաց կապահովվի, սակայն երկարաժամկետ կտրվածքով հիմնական խնդիր է դրված ապահովելու այնպիսի միջավայր, որ գիտությունն իր ներդրումն ունենա տնտեսության զարգացման գործում:

Արթուր Մովսիսյանի խոսքով՝ Գիտության կոմիտեն ընթացիկ տարում նախատեսում է տարբեր գիտական թեմատիկ ծրագրեր իրականացնել մի քանի ուղղություններով: «2022 թ. նոր 4 գիտական թեմատիկ ծրագրեր ենք իրականացնելու. PHD ուսանողներին ուղարկելու ենք արտասահման՝ լավագույն գիտական կազմակերպություններում սովորելու և վերապատրաստվելու: Երկրորդ ծրագրի շրջանակում թեկնածուականը պաշտպանած մասնագետներին ևս 6-36 ամսով ուղարկելու ենք արտասահման՝ վերապատրաստումների»,- նշել է բանախոսը՝ հավելելով, որ հաջորդ ծրագրի շրջանակում աջակցություն կստանա Հայաստանում ստեղծված այն գիտական խումբը, որի ղեկավարը լինելու է արտասահմանից:

Վերջինս պետք է կոնկրետ գիտական խնդիրներ դնի խմբի առջև, մրցույթով ընտրի կադրերին, հետևի աշխատանքներին, տարվա մեջ մի քանի ամիս լինի Հայաստանում: Հաջորդ ծրագիրը վերաբնակեցման դրամաշնորհն է, որի շրջանակում կաշխատեն արտասահմանում գտնվող հայազգի կամ ոչ հայազգի այն գիտնականների հետ, որոնք ցանկություն ունեն ապրելու և աշխատելու Հայաստանում, գիտական խմբեր ձևավորելու, լաբորատորիաներ ստեղծելու:

Ըստ Արթուր Մովսիսյանի՝ գիտական բոլոր 4 ծրագրերն էլ նորություն են, դրանց չափանիշները նոր պետք է մշակվեն. «Թե ինչ չափանիշներով կընտրվեն գիտնականները, դեռ կդժվարանամ ասել, սակայն կարող եմ հաստատել, որ այո՛, կապ է ունենալու այն հանգամանքը, թե գիտության որ ճյուղն են ներկայացնում: Այս ծրագրերը պետք է միտված լինեն ուժեղացնելու գիտության այն ուղղությունները, որոնք Հայաստանում կամ թույլ են զարգացած կամ չունենք, օրինակ՝ իրավագիտություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն և այլն»:

Արթուր Մովսիսյանը փաստել է՝ նախանշված ծրագրերով ակնկալվում է, որ գիտության ոլորտում կմեծանան համագործակցության հեռանկարները, և կձևավորվեն նոր կապեր: Նա ընդգծել է, որ ոլորտում առկա է կադրերի լուրջ խնդիր, որովհետև տարիների ընթացքում ոլորտում գիտնականների թիվը պակասել է: Գիտնականների միջին տարիքը բարձր է, իսկ երիտասարդների թիվը՝ քիչ: Ըստ բանախոսի՝ այս ամենը նպաստում է, որ պետությունը գնա կտրուկ քայլերի՝ դրսից կադրեր ներգրավելու առումով, քանի որ խնդրի լուծման համար միայն ներքին ռեսուրսը բավարար չէ:

Ասուլիսի ընթացքում ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալն անդրադարձել է նաև գիտության ոլորտի այլ խնդիրների: