2022 թվականին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը շարունակում է իրականացնել բազմաբովանդակ, հետաքրքիր ծրագրեր, միջոցառումներ, դասախոսություններ, ցուցադրություններ, շնորհանդեսներ, համերգներ, հանդիպումներ։

Թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանի տեղեկացմամբ` տարեսկզբին արդեն իրականացվել են մի քանի միջոցառումներ, իսկ փետրվարի 11-ին կկազմակերպվի «Ավ. Իսահակյանը եվ ռուս գրականությունը» խորագրով ցուցադրություն` նվիրված Անկախ պետությունների համագործակցությանը. այցելուները կտեսնեն Վարպետի անձնական արխիվում պահպանվող հետաքրքիր փաստաթղթեր, լուսանկարներ, թերթեր, ամսագրեր, որոնք պատմում են ռուս գրականության հանդեպ Վարպետի ունեցած հետաքրքրության մասին։

Փետրվարի 19-ին թանգարանը, դպրոցականների, ուսանողների և մյուս այցելուների ներգրավմամբ, առանձնակի կարևորությամբ պատրաստվել է Գիրք նվիրելու օրվան:

«Այս տարի նշվելու է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը, և փետրվարի 19-ը նվիրված է լինելու Չարենցին: Այդ կապակցությամբ իրականացնելու ենք հետաքրքիր միջոցառում-ցերեկույթ․ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասանները կներկայացնեն դրվագներ Ավ․ Իսահակյանի և Եղիշե Չարենցի հանդիպումներից: Գրքի տոնին նվիրված` հայտարարել ենք նաև գրքահավաք. այդ օրը այցելուներն իրենց ցանկությամբ գրքեր կբերեն թանգարան, որոնք թանգարանի աշխատակիցները կհանձնեն զինվորի գրադարանին և Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորմանը»,- նշել է թանգարանի տնօրենը:

Տարվա կարևոր միջոցառումներից Անժելա Խորենյանը առանձնացրել է «Թանգարանների միջազգային օրվան» և Ֆրանկոֆոնիային նվիրված ծրագրերը:

«Թանգարանների միջազգային օրվա շրջանակում նախաձեռնել ենք երիտասարդական համաժողով, իսկ Ֆրանկոֆոնիայի շրջանակում՝ «Ավ․ Իսահակյանը՝ ՀՕԿ-ի փարիզյան մասնաճյուղի փոխնախագահ» միջոցառումը, որը կանցկացվի «Le Café de Paris» սրճարանում: Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև Իսահակյանի տուն-թանգարանի և «Շառլ Ազնավուր մշակույթի պետական քոլեջի» միջև. սաների մասնակցությամբ ևս շատ հետաքրիր միջոցառումներ կիրականացվեն 2022 թվականին»,- տեղեկացրել է տնօրենը` վստահություն հայտնելով, որ այս ծրագրերը մեծ հետաքրքրություն կհարուցեն տարբեր տարիքի և մասնագիտությունների տեր այցելուների շրջանում:

Թանգարանի տնօրենի ընդգծմամբ` 2022 թվականին մասնավոր հովանավորի աջակցությամբ շարունակվելու են բարեկարգման աշխատանքները թանգարանի այգում, որտեղ տեղադրված է տաղավար, և արդեն գարնանն այդ տարածքում կիրականացվեն բացօթյա միջոցառումներ և կրթական ծրագրեր:

«Թանգարանի այցելուների կողմից մշտապես լայն արձագանքի ու հավանության են արժանանում կրթական ծրագրերը, որոնք կազմված են այնպես, որ ընդգրկում են ամեն տարիքի այցելուների, հասարակության խոցելի խմբերին։ Վարպետի տանը պահպանվող ազգային արժեքները ծնունդ են տալիս գեղեցիկ և ուսուցողական կրթական ծրագրերի»,- փաստել է թանգարանի տնօրենը` ներկայացնելով կրթական ծրագրերը:

«Ազգային երգը». ծրագրի միջոցով երեխաները ծանոթանում են ազգային և պետական խորհրդանիշներին, մտովի տեղափոխվում Հայաստանի այն վայրերը, որոնք բնորոշում են հային, ընթերցում են «Ազգային երգը» ստեղծագործությունը, կատարում ազգային երգ, պար և մասնակցում ինտերակտիվ խաղի: Ծրագիրը նախատեսված է 5-9-րդ դասարանների աշակերտների համար:

«Էպոսի հետքերով». Վարպետի տանը էպոսի թեմայով կան արժեքավոր իրեր և գեղանկարներ, որոնք խորհրդանիշն են հայ ժողովրդի հավերժության: Հայոց էպոսին երեխաները ծանոթանում են հետաքրքիր սահիկաշարի միջոցով, քննարկում, դիտում և մասնակցում ինտերակտիվ խաղ-մրցույթի` «Ճիշտ, թե սխալ»: Ծրագիրը նախատեսված է 6-12-րդ դասարանների աշակերտների համար։

«Ինչ է ասում առակը». ինտերակտիվ միջավայրում երեխաները ծանոթանում են ժողովրդական իմաստություններին, տեղեկանում են, թե ինչ է «պատմում» առակը: Դիդակտիկ խաղի և երեխաների ստեղծած մուլտֆիլմերի օգնությամբ ծանոթանում, քննարկում են Իսահակյանի առակները, այնուհետև Վարպետի հարկի տակ պատրաստում են իրենց առաջին գիրքը: Ծրագիրը նախատեսված է 2-6-րդ դասարանների աշակերտների համար:

«Արևի մոտ». ծրագրի շրջանակում երեխաներն ընթերցում և քննարկում են Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը, այնուհետև իրենց երևակայությամբ ստեղծում են հեքիաթի հերոսի համար ցանկալի միջավայր` օգտագործելով գունավոր թղթեր, ներկեր, մատիտներ: Ծրագրի ավարտին երեխաներն իրենց ցանկությունների, մաղթանքների թերթիկները փակցնում են իրենց աշխատանքին: Ծրագիրը նախատեսված է 1-4-րդ դասարանների աշակերտների համար:

«Վարպետը, ես և մայրաքաղաք Անին». երեխաները Անիի մասին Վարպետի թողած հուշերի հետքերով երևակայական շրջայց են կատարում հայոց հինավուրց մայրաքաղաք Անիում, այնուհետև հատուկ պատրաստված դետալների օգնությամբ վերակերտում են Անիի Մայր տաճարը, պարիսպները, մետաքսի ճանապարհից մի փոքրիկ հատված: Ծրագրի ավարտին երեխաները այն, ինչ «տեսան», «լսեցին» ու «զգացին» մտովի շրջայցի ժամանակ, փորձում են այդ տպավորությունների մասին գրառում կատարել Անիի տպավորությունների մատյանում: Ծրագիրը նախատեսված է 5-12-րդ դասարանների աշակերտների համար:

«Սևանը Հայաստանի աչքն է». երեխաները ծանոթանում են Սևանի նկատմամբ մեծ սիրո և պաշտամունքի վերաբերյալ Իսահակյանի թողած հուշերին, ինչպես նաև տեղեկանում են Սևանին սպառնացող վտանգի մասին: Այնուհետև թանգարանի աշխատակցի օգնությամբ պատրաստում են Սևանի մանրակերտը: Ծրագիրը նախատեսված է 5-7-րդ դասարանների աշակերտների համար:

«Թանգարանը` քո ձեռքերում». բանաստեղծի տան գրական և հուշային հատվածներում կան անսպառ հետաքրքիր և ուսուցողական նյութեր` ցուցադրելու և ուսուցանելու գալիք սերունդներին: Ծրագրի ընթացքում երեխաները շրջում են թանգարանում` փորձելով գտնել քարտերի վրա պատկերված առարկաները, որոնք ցուցադրված են Վարպետի տան գրական և հուշային հատվածներում: Այսուհետ նրանք բացահայտում են բանաստեղծի կյանքի ողջ ընթացքը` սկսած վաղ մանկությունից մինչև կյանքի ավարտը: Ծրագրի վերջում ունկնդրում են Իսահակյանի բանաստեղծություններից երկուսը և փորձում են վերարտադրել ինտերակտիվ եղանակով: Ծրագիրը նախատեսված է 10-15-տարեկան երեխաների համար:

«Նամականի». երկխոսության միջոցով երեխաները ծանոթանում են նամակի պատմությանը, Վարպետի նամակներին, այնուհետև կարդում են և քննարկում իրենց` նախապես գրած նամակները, որոնք ուղղված են Վարպետին: Ծրագրի ավարտին երեխաները ստանում են պատասխան նամակներ բանաստեղծից, որոնք` որպես պատգամ, տանում են իրենց հետ: Ծրագիրը նախատեսված է 8-14 տարեկան երեխաների համար:

«Եղնիկը». Վարպետի տանը եղած արձանիկների հավաքածուում առանձնանում է նրա սիրելի «Աղջիկը և եղնիկը» արձանիկը: Մի հետաքրքիր և ուսուցողական կրթական ծրագիր է նաև «Եղնիկը»: Երեխաները լսում և քննարկում են պատմվածքը, հարցերի միջոցով վերապատմում բովանդակությունը, խաղում ինտերակտիվ և զվարճալի խաղ վայրի և ընտանի կենդանիների մասին: Ծրագրի երկրորդ հատվածում ապլիկացիոն եղանակով ստեղծում են անտառի գեղեցիկ պատկեր, որտեղ երազում էր ապրել եղնիկը, և ծառի տերևների վրա գրում ու փակցնում են իրենց ցանկություններն ու մաղթանքները` ուղղված բնության պաշտպանությանը. երեխաները ծանոթանում են նաև մայր բնությանը սպառնացող խնդիրներից մի քանիսին, փորձում են բացահայտել այդ խնդիրների առաջացման պատճառները և գտնել լուծումներ: Ծրագիրը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների և 1-3-րդ դասարանցիների համար:

«Աշխարհում ամենալավն իմ տունն է». երեխաները թանգարանի աշխատակցի օգնությամբ մաս-մաս կարդում են «Երջանիկ խրճիթը»: Նրանք մտովի պատկերացնում են կարդացած նյութը, որտեղ հեղինակի վերջաբանը չի ներկայացվում, ապա փորձում են նկարագրել իրենց պատկերացրած վերջաբանը, իրենց երազանքի երջանիկ խրճիթը: Ծրագիրը նախատեսված է 1-6-րդ դասարանցիների համար:

«Հեքիաթախաղ». երեխաները լսում են Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը» հեքիաթը, ապա հատուկ զարգացնող տախտակի օգնությամբ ու ինտերակտիվ խաղի միջոցով քննարկում այն և դառնում հեքիաթի մասնակիցը: Ծրագիրը նախատեսված է 3-5 տարեկան երեխաների համար:

«Մանկության թևերով». ծրագրի ընթացքում երեխաները Վարպետի հուշերի միջոցով մտովի տեղափոխվում են նրա մանկության հեքիաթային, նվիրական աշխարհը, Վարպետի հետ «շրջում» Շիրակի դաշտերով ու արոտներով, ջրաղացին թիկն տված` հանգստանում Ախուրյան գետի ափին, այնուհետև օրգանիկ նյութերով վերակերտում են Ղազարապատի փոքրիկ բնապատկերը: Ծրագիրը նախատեսված է 1-6-րդ դասարանի աշակերտների համար:

«Իմ հեքիաթի գույները». հեքիաթի արտասովոր միջավայրում երեխաները ծանոթանում են ժողովրդական իմաստության այս տեսակին, տարբեր ժողովուրդների հեքիաթների առանձնահատկություններին, հեքիաթագիրներին: Դիդակտիկ խաղի ընթացքում երեխաները գտնում են հեքիաթին բնորոշ առանձնահատկությունները, այնուհետև ըստ հեքիաթի բովանդակության` ընտրում են համապատասխան գույներ, ապա գույների ներկապնակի միջոցով փորձում են մատներով պատկերել իրենց հեքիաթը: Ծրագիրը նախատեսված է 1-6-րդ դասարանի աշակերտների համար: