Կառավարությունն այսօր կայացած նիստում փոփոխություններ և լրացում է կատարել Հայաստանի Հանրապետությունում գործող մարզադպրոցների վերաբերյալ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշման մեջ:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ ՀՀ-ում գործող 175 մանկապատանեկան մարզադպրոցներից միայն 33-ն են հանդիսանում ՊՈԱԿ, և միայն այդ մարզադպրոցների վրա է տարածվում ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը, որով սահմանված են մարզադպրոցներում ուսումնամարզական խմբերի մեկ պարապմունքի տևողությունը, մարզադպրոց ընդունվողների նվազագույն տարիքը, մարզական կառույցների չափերը, մարզագույքից միաժամանակյա օգտվող մարզիկների առավելագույն թիվը, մարզակառույցների մաքրման և ախտահանման աշխատանքների հսկողությունը: Ավելին, հանրապետության համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցներում (ՀՈԱԿ) չեն պահպանվում տվյալ որոշմամբ հաստատված չափորոշիչները, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ պարապողների առողջության և նրանց անվտանգության պահպանման վրա:

«Այս չափորոշիչներով առաջնորդվելն ապահովում է մարզիկների անվտանգությունը, ուսումնամարզական պարապմունքի արդյունավետությունը և սանիտարահիգիենիկ հսկողությունը, իսկ այս նախագծի ընդունմամբ հանրապետության թե՛ ՊՈԱԿ, թե՛ ՀՈԱԿ հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցները կառաջնորդվեն ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:

Նախագծի ընդունմամբ՝ հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցները, անկախ կազմակերպաիրավական տեսակից՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), թե համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ), պետք է առաջնորդվեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչներով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս որոշման ընդունումը՝ ընդգծելով, որ այն առնչություն ունի ինստիտուցիոնալ կայացման հետ. «Երբ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտին, մեծ հաշվով կապ չունի, թե այդ կրթօջախն ում ենթակայության տակ է, քանի որ դրանք պետք է գործեն պետական չափորոշիչների համաձայն: Թե՛ սպորտի, թե՛ մարմնակրթության, և թե՛ հանրակրթության բնագավառում մենք չենք կարող ունենալ այնպիսի կրթօջախներ, որոնք չգործեն պետական ստանդարտով: Այս որոշումը նաև նպատակ ունի կանոնակարգելու մարզադպրոցների աշխատանքը, որն իր հետ բերում է նաև որոշակի ստանդարտներ և պահանջներ:

Ուզում ենք, որ մեր երեխաները, պատանիներն ավելի շատ զբաղվեն սպորտով, և որ պետական քաղաքականություն վարելու ավելի հասանելի ու արագ գործիքներ և ստանդարտներ լինեն: Այդ դեպքում մեր ռազմավարական ծրագրերն իրականացնելիս մենք համոզված կլինենք, որ որոշումները տեղ են հասնում, ի կատար են ածվում, ու կա դրանք վերահսկելու հնարավորություն»:

Չափորոշիչների ներդրման վերջնաժամկետ է սահմանված 2024 թ.-ի սեպտեմբերի 1-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ նշել է՝ այս որոշման ընդունումից հետո անհրաժեշտ է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ակտիվորեն աշխատի համայնքների հետ՝ մարզադպրոցները սուբվենցիոն ծրագրերում ներգրավելու համար. «Եթե անհրաժեշտություն լինի, կարող ենք քննարկել նաև հատկացվող գումարների ավելացումը, որպեսզի մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՈԱԿ հանդիսացող մարզադպրոցները հասցնենք բերել պատշաճ մակարդակի»: