Այս տարի Կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Երևանում:

Հուլիսին կայանալիք միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:

«Ուրախ եմ, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նման խոշորամասշտաբ միջոցառում ենք անցկացնելու մայրաքաղաքում, ինչը լուրջ խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար»,- ասել է Ա. Հարությունյանը:

Օլիմպիադային մասնակցելու են 80 երկրի ներկայացուցիչներ: Բացման և փակման արարողությունները տեղի են ունենալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ բուն օլիմպիադան անցկացվելու է մարզահամերգային համալիրում:

Կողմերը կարևորել են նմանօրինակ խոշոր միջոցառման անցկացումը մեր երկրում և ընդգծել նախապատրաստական աշխատանքները բարձր մակարդակով և ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնելու անհրաժեշտությունը: