Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել հայ ժամանակակից արվեստի և դիզայնի ականավոր դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունը։

Բացմանը ներկա էին մշակույթի գործիչներ, արվեստասերներ և Նիգարյանի գործի երկրպագուներ:

«Կամո Նիգարյանին ժամանակակից ներկայացնելը, կարելի է ասել, պայմանական է, քանի որ նա արդեն դարձել է դասական, դասական և ժամանակակից»,- ողջույնի խոսքում ասել է պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

«Թղթե ականներ» ցուցադրությունն ընդգրկում է ավելի քան յոթանասուն տպագրված և անտիպ պաստառներ, ինչպես նաև նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս 1970-2000-ականներին Նիգարյան գրաֆիկ-դիզայների մասնագիտական զարգացման մասին։ Ցուցահանդեսը կազմակերպել էր «Թեք տեղ» թատրոնը Երևանի Գյոթեի կենտրոնի հետ համագործակցությամբ:

Անդրադառնալով քաղաքական, թատերական, ցուցահանդեսային և կինոյի թեմաներին՝ Նիգարյանը կոտրել է այն իլյուստրատիվ և խրատական մոտեցումների սահմանը, որ բնորոշ էին պաստառների նկատմամբ վերաբերմունքին ԽՍՀՄ-ում և Հայաստանում։ Ազդվելով 1960-ականների լեհական, կուբայական և արևելագերմանական գրաֆիկական արվեստից՝ նկարիչը միաձուլել է էքսպրեսիոնիստական, սյուրռեալիստական և մինիմալիստական ոճերը գրատպության կոնցեպտուալ կիրառմամբ՝ ստեղծելու «քննադատական» պաստառի՝ իր ուրույն տեսլականը:

1981 թվականից սկսած Նիգարյանը հիմնականում դիմել է գեղանկարչությանն ու լուսանկարչությանը, և միայն իր մասնագիտական գործունեության ավելի ուշ շրջանում է արվեստագետը կարողացել ամբողջությամբ իրականացնել գրաֆիկական դիզայնի կոնցեպտուալ մոտեցումները, որոնք դրսևորվել են Ազգային պատկերասրահի՝ ֆիլմերի ցուցադրության ծրագրի համար պատրաստած պաստառների շարքում:

Վերջին տարիներին Նիգարյանի ստեղծագործության վերաբացահայտումը եղել է ոգեշնչման կարևոր աղբյուր երիտասարդ հայ գրաֆիկ նկարիչների համար՝ դառնալով խթան՝ Հայաստանում պաստառային արվեստի վերածննդի համար:

Ցուցահանդեսն արվեստասեր հանրության համար հասանելի կլինի մինչև 2022 թվականի մարտի 6-ը։