Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Այն անցկացվելու է երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ:
Մրցաշարի առաջին փուլն անցկացվելու է մինչև փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում: Երկրորդ՝ եզրափակիչ փուլի մրցաշարն անցկացվելու է մարտի 12-ից 13-ը ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:
Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները՝ սիրողական մարզիկներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ, ովքեր չունեն առողջական խնդիրներ:
Մրցաշարին չեն կարող մասնակցել այն մարզիկները, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին, ինչպես նաև բուքմեյքերական գրասենյակների կողմից կազմակերպվող վճարովի խաղերի մասնակիցները:
Մրցաշարը կանցկացվի տարիքային 2 խմբով և 2 փուլով.
1) 1-ին փուլի մրցումները կանցկացվեն Երևան քաղաքում, Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում,
2) Մրցաշարի 2-րդ` եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում ըստ տարիքային խմբերի 1-ից 3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք.
- 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ. ծնված) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ. ծնված) տղամարդիկ,
- 2-րդ տարիքային խումբ՝ 36 (1986 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1981 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ:
Առանձին հաշվարկով մեկ տարիքային խմբով անցկացվելու են նաև մրցումներ դեսպանատների ներկայացուցիչների, օտարերկրյա քաղաքացիների և զբոսաշրջիկների համար:
ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում ըստ տարիքային խմբերի 1-3 տեղերը գրաված մասնակիցները (12 մասնակից) «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու համար հայտերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը՝ համաձայն կցված հայտի ձևի:
Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները` դրամական մրցանակներով, իսկ դեսպանատների ներկայացուցիչները, օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները՝ հուշանվերներով և հավաստագրերով:
1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կպարգևատրվեն՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,
11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ (հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն):
Մրցաշարի բոլոր մասնակիցներին կտրվեն մարզաշապիկներ և հավաստագրեր: Արդյունքները կամփոփվեն մրցումների ավարտից անմիջապես հետո:
Մասնակիցները անձը հաստատող փաստաթղթերով պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ:
Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Մրցաշարի կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է նախարարության կողմից հաստատված հանձնաժողովի և մրցավարական հանձնաժողովի կողմից՝ համագործակցելով Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի հետ: