ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Բուժական գործ» որակավորումների ոլորտային շրջանակի (ՈՈՇ) բնութագրերը մշակելու նպատակով առաջիկայում ձևավորվելիք հանձնաժողովի անդամների հետ:

Հանդիպման նպատակը ‹‹Բուժական գործ›› մասնագիտության որակավորումների ոլորտային շրջանակի մշակման, դրանց վերջնարդյունքների սահմանմանն առնչվող խնդիրների և իրականացվող աշխատանքների ընթացքի քննարկումն էր:

Փոխնախարարը ողջունել է ներկաներին և ներկայացրել առաջիկա անելիքները. «Որակավորումների ոլորտային շրջանակի մշակման նպատակն այն է, որ բոլոր մասնագիտական ծրագրերը իրականացվեն՝ ըստ ոլորտային շրջանակի սահմանած վերջնարդյունքի՝ ըստ այդմ ունենալով կարգավորված ոլորտ՝ որակյալ կրթությամբ: Այս դեպքում ոլորտային շրջանակը ենթադրում է ավելի լայն վերջնարդյունք՝ ներառելով բժշկության տարբեր ճյուղերը, որոնց կհամապատասխանեցնեն իրականացվող կրթական ծրագրերը»:

Կ. Թռչունյանն անհրաժեշտ է համարել միջազգային փորձը՝ որպես նախնական նյութ, ուսումնասիրելը, դրանից օգտվելը, ըստ հնարավորության՝ տեղայնացնելը:

Մշակման ժամկետ է սահմանվել առաջիկա 2 ամիսը: Աշխատանքները ենթադրում են ընթացիկ քննարկումներ թե՛ բուհերում, թե՛ աշխատաշուկայում` գործատու կազմակերպությունների հետ: Աշխատանքներն ավարտելուց հետո մշակված տարբերակը կուղարկվի նշված մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնող բուհեր՝ կարծիքի: Որպես ոլորտի պատասխանատու՝ հանձնաժողովը կդիտարկի կարծիքների համադրելիությունը՝ ապահովելով որակավորումների ոլորտային շրջանակի վերջնական տարբերակը: Գերատեսչության կողմից հաստատվելուց հետո այն կտրվի բժշկության ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին, այդ թվում՝ մասնավոր՝ վերջիններիս կրթական ծրագրերը արդեն իսկ մշակված որակավորումների ոլորտային շրջանակին համապատասխանեցնելու նպատակով:

Կ. Թռչունյանը կարևորել է ՈՈՇ-ի վերջնարդյունքի շարժունությունն ու ճկունությունը արտասահմանյան բուհերում սովորելու տեսանկյունից:

«Մեր խնդիրն է նաև առաջանցիկ լինել, քանի որ կրթական համակարգը զարգանում է, ծրագրերն էլ փոխվում են, աշխատաշուկայի պահանջարկը՝ ևս: Այս համատեքստում շատ կարևոր է վերջնարդյունքը ձևավորել աշխատաշուկայից՝ ապահովելով համադրելիությունը և ճկունությունը, որպեսզի ըստ անհրաժեշտության՝ հնարավոր լինի փոփոխել»,- ասել է նախարարի տեղակալը:

Կողմերն առանցքային են համարել լիցենզիայի պայմանների, հավատարմագրման և որակավորումների ոլորտային շրջանակի՝ նույն տիրույթում լինելու հանգամանքը: Առաջարկվել է փոխել նաև մշտադիտարկման մեխանիզմները, ինչպես նաև ՈՈՇ-ի վերջնարդյունքում սահմանել էթիկական նորմեր:

Հանդիպման ընթացքում ներկաները առաջիկա աշխատանքների վերաբերյալ հղել են իրենց հարցերը, քննարկել կադրերի պատրաստման և աշխատաշուկայի պահանջարկի համապատասխանեցման, դրան ուղղված լուծումների շրջանակը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպելու քննարկումներ՝ ընթացիկ աշխատանքները կարգավորելու նպատակով: