Երևանում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որի շրջանակում այսօր՝ փետրվարի 2-ին, պայքարի են դուրս եկել տղամարդիկ՝ խաղարկելով մեդալներ 55 և 61 կգ քաշային կարգերում:

55 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Մացիկ Հակոբյանը՝ երկամարտի 193 կգ արդյունքով: Պոկում վարժությունում նա ցույց է տվել 80, իսկ հրումում՝ 113 կգ արդյունք:

61 կգ քաշային կարգում էլ Հայաստանի չեմպիոնությունը նվաճել է Անդրանիկ Պապեյանը՝ երկամարտի 246 կգ արդյունքով (110+136):

Վաղը` փետրվարի 3-ին, մրցահարթակ են դուրս գալու մինչև 67 և 73 կգ մարզիկները: Տղամարդկանց Հայաստանի առաջնությանն ընդհանուր առմամբ 130 ծանրորդ է մասնակցում՝ 10 քաշային կարգերում:

Հիշեցնենք՝ մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել էին կանայք:

Հայաստանի չեմպիոններ էին դարձել Նատալիա Սարգսյանը (45 կգ), Գյուլնարա Տիգրանյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Վալենտինա Մովսիսյանը (64 կգ), Մարիամ Միքայելյանը (71 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (87+ կգ):