Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը, որի ընթացքում ավելի քան հազար ջահակիրներ կրակը կտանեն Չինաստանի մայրաքաղաքի ամենահայտնի պատմամշակութային համալիրների, այդ թվում` Չինական մեծ պարսպի տարածքով:
Փոխանցումավազքի մեկնարկը տրվել է Պեկինի հյուսիսում տեղակայված Օլիմպիական այգուց: Կորոնավիրուսի համավարակի պատճառով փոխանցումավազքի երթուղին և տևողությունը զգալիորեն կրճատվել են: Կրակի փոխանցումավազքը կտևի երեք օր: Այն կավարտվի ուրբաթ երեկոյան, երբ վերջին ջահակիրը Պեկինի ազգային մարզադաշտում կվառի օլիմպիական ջահը:
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին: Ի դեպ, 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը ևս կայացել է Պեկինի ազգային մարզադաշտում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը 6 ներկայացուցիչ կունենա:
Համապատասխան միավորների շնորհիվ ՕԽ-ին մասնակցելու իրավունք են ստացել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: 2021 թվականի սեպտեմբերին էլ Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացված գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում Պեկինի ձմեռային խաղերի ուղեգիր էր նվաճել Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը:
Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը հունվարի 31-ին են մեկնել Պեկին: Նրանց այնուհետև կմիանան մեր մյուս ներկայացուցիչները: Գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը մրցավայր կմեկնեն Կանադայից: