Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում ՀՀ Տավուշի մարզում ներկայում փորձարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը (8-11-դասարաններ):

«Մասնագիտական կողմնորոշում» կրթական ծրագրի հիմնական նպատակը սովորողների մասնագիտության գիտակցված ընտրությանը նպաստելն է՝ անձի հետաքրքրություններին, կարիքներին և առանձնահատկություններին, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ աշխատուժի պահանջարկին առավելապես համապատասխանող մասնագիտական գիտակից ընտրության հնարավորության ստեղծմամբ:

«Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ծրագրի խնդիրներն են.

  • հոգեբանամանկավարժական դիագնոստիկ մեթոդներով բացահայտել սովորողների անհատական հոգեբանական առանձնահատկությունները՝ առանձին հատկանիշները, խառնվածքը, ընդունակությունները, հետաքրքրությունները և այլն,
  • տրամադրել տեղեկատվություն և խորհրդատվություն՝ սովորողի նախասիրություններին և աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան,
  • ձևավորել աշխատանքի և մասնագիտությունների վերաբերյալ դրական վերաբերմունք,
  • նպաստել կարիերայի պլանավորման և ձեռնարկատիրական գործունեության միջոցով ինքնազբաղվածության ապահովմանն ուղղված գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը,
  • կազմակերպել և անցկացնել ոչ ֆորմալ խմբային դասընթացներ` ուղղված կարիերայի պլանավորման հմտությունների զարգացմանը,
  • ձևավորել համագործակցության ճկուն համակարգ արհեստագործական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև գործատուների, միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և շահագրգիռ այլ կառույցների միջև:

«Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ծրագրի համար առաջարկվող ժամաքանակը տարեկան 34 ժամ է (շաբաթական մեկ հանդիպում): Դասընթացը կարող է վարել միայն վերապատրաստված և երաշխավորված մասնագետը (նախապատվությունը տրվում է դպրոցի սոցիալական մանկավարժին, հոգեբանին և մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրենին), որին նախապես պետք է ընտրի դպրոցը՝ հաշվի առնելով «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացը դասավանդելու համար անհրաժեշտ մասնագիտական և անձնային որակները: