Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ մեկնարկել են ավանդական «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը, որին հայաստանյան 15 բուհի շուրջ 300 դասախոս և աշխատակից է մասնակցում:

Խաղերի ծրագրում ներառված է 7 մարզաձև՝ արագ շախմատ, հրաձգություն, բադմինտոն, սեղանի թենիս, ուժային եռամարտ, պարանի ձգում և վոլեյբոլ:

Հունվարի 25-ին ՀՊՏՀ-ի մարզադահլիճում դասախոսներն իրենց ուժերն են չափել ուժային եռամարտի առաջնությունում։ Անհատական պայքարում, որին մասնակցել է 5 բուհի 25 դասախոս, հաղթել է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Արման Գուլյանը:

Խաղերի կազմակերպչական աշխատանքներին վերջին տարիներին միացել է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։

«Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերի նպատակն ու առաքելությունը, միջոցառման կազմակերպիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի փոխանցմամբ, բուհերում ֆիզդաստիարակության դերի բարձրացումն է, ինչին մեծապես նպաստում են դասախոսներն իրենց սեփական օրինակով. «Եթե նախկինում ««Դասախոսական գավաթ»-ին հիմնականում մասնակցում էին բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնները, ապա տարեցտարի պատկերը փոխվում է. մարզական խաղերին սկսել են ներգրավվել բուհերի այլ ամբիոնների դասախոսներ ևս»:

«Դասախոսական գավաթ-2022» միջբուհական մարզական խաղերը կամփոփվեն փետրվարի 4-ին վոլեյբոլի առաջնությամբ, ինչին կհաջորդեն փակման հանդիսավոր արարողությունն ու մրցանակաբաշխությունը։