Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների, տարեվերջին տարաբնույթ վիրուսային վարակների դեպքերի կտրուկ աճի պայմաններում հակահամաճարակային կանոնները պահպանելով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 12 գրադարաններում շարունակվել են իրականացվել նախանշված ծրագրերն ու միջոցառումները:

Աշխատանքները միտված էին գրա­դա­րա­նա­յին հա­վա­քա­ծու­նե­րի պահպա­նութ­յանը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգու­թյան թվա­յնացմանը, տե­ղե­կատվական շտե­մա­րաննե­րի և միացյալ ավտոմատացված համակարգերի շարունակական զարգացմանը, հա­մալ­րման անընդհատության ու գրադարանային հավաքածուների օգտագործման մատչելիության ապահովմանը, մատենագիտության, կենսամատենագիտության, վի­ճա­կագ­րա­կան տվյալների, տեղեկատվական այլ ցանկերի կազ­մմանն ու հրա­պա­րա­կմանը, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Գրադարանները 2021 թվականին սպասարկել են 102 հազար 32 ընթերցողի, հաճախումների թիվը կազմել է շուրջ 996 հազար 652: Սպասարկվել է 2 միլիոն 944 հազար 210 միավոր գիրք: Հաջողությամբ իրականացվել է գրադարանային հավաքածուների համալրման (66 հազար 794 միավոր) գործընթացը, որի շրջանակում պետական դրամաշնորհով տրամադրված միջոցներով ձեռք է բերվել 11 հազար 179 միավոր գիրք և պարբերական՝ համալրելով հավաքածուներն ընթերցողների կողմից պահանջված գրականությամբ, ինչպես նաև գրքի շուկայում առկա նոր, լավագույն հրատարակություններով, այդ թվում՝ ուսումնական, գիտահանրամատչելի և թարգմանական գրականության օրինակներով:

Հայաստանի ազգային գրադարանի՝ հնատիպ գրքի հավաքածուն համալրվել է 4 անուն եզակի օրինակներով, որոնք հրատարակվել են 1673 (1 անուն), 1734 (2 անուն) և 1786 (1 անուն) թվականներին:

2021 թվականին Հայաստանի ազգային գրադարանի, գործընկեր գրադարանների՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, տասը մարզային գրադարանների գործուն աջակցությամբ թվայնացվել և «Հայ գիրք» և «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում տեղադրվել է գրքի և պարբերականի 1 միլիոն 669 հազար 588 էջ՝ շտեմարաններում թվայնացված էջերի ընդհանուր քանակը հասցնելով 10 միլիոն 524 հազար 609-ի, «Հայ գիրք» շտեմարանում գրքերի թվային պատճենների թիվը՝ 27 հազար 900-ի:

Հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակում նախարարության ենթակայության գրադարանների կողմից մուտքագրվել է 188 հազար 411 միավոր գրառում՝ գրառումների ընդհանուր թիվը հասցնելով 2 միլիոն 715 հազար 060-ի:

Արևմտահայերենով գրականության և մշակույթի պահպանման և հանրահռչակման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Շիրակի մարզային գրադարանում 2021 թվականին ստեղծվել է https://arevmtahayeren-shmg.am/ կայքէջը, որի նպատակն է արևմտահայերենի պահպանումը, զարգացումը և հանրահռչակումը: Այն նպաստում է սփյուռքում բնակվող և հայրենիք ներգաղթած սփյուռքահայերի՝ կրթության, մշակութային, գրական ժառանգության ոլորտների ձեռքբերումների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը: Կայքում գործում են հետևյալ բաժինները և ենթաբաժինները՝ «Գլխաւոր» (Ծանօթագրական), «Գրողներ», «Վերլուծութիւններ», «Միջոցառումներ», «Հայ լեզուն տունն է հայուն» (երկու ենթաբաժին՝ «Արեւմտահայերէն», «Բառարան»), «Սփիւռք», (երեք ենթաբաժին՝ «Համայնք», «Դէմքեր», «Կրթօճախ»):

Սահմանափակ կարողություններով անձանց գիրքը հնարավորինս մոտեցնելու և տնային պայմաններում ընթերցանությունը կազմակերպելու, ինչպես նաև հանրության բոլոր շերտերի համար գրադարանային սպասարկման մատչելիությունն ապահովելու նպատակով Լոռու և Շիրակի մարզային գրադարանների կողմից «Ընտանեկան գրադարան» ծրագրի շրջանակում 194 շահառուի տրամադրվել է 5887 գիրք:

«Շրջիկ գրադարան» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի կողմից ՀՀ Արարատի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի և Լոռու համայնքային գրադարաններին տրամադրվել է 1752 միավոր գիրք:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական և Հայաստանի ազգային գրադարաններում իրականացվել է «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը՝ ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների 85 աշխատակիցների համար: Ծրագրում ներառված են գրադարանային գործի բոլոր գործառույթների վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ համապատասխան թեմաներով: Դասընթացները վարել են հանրապետության փորձառու և առաջնակարգ մասնագետները:

2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» Հ/Կ-ն կազմակերպել է Հայաստանում 1-ին՝ «Լավագույն գրադարան» մրցույթը՝ հինգ անվանակարգերով: Մրցույթի նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում գրադարանների լավագույն աշխատանքի խրախուսումը և հանրայնացումը, դիտարժան փորձի վերհանումը, օրեցօր զարգացող աշխարհում գրադարանի ու գրադարանավարի դերի ամրագրումը:

Լավագույն գրադարաններ են ճանաչվել ԱԱԻ հանրապետական գիտաբժշկական, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական, Լոռու մարզի Սպիտակի քաղաքային, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի, Երևանի Ավետիք Իսահակյանի անվան համայնքային և Շիրակի մարզային գրադարանները:

2021 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 12 գրադարանները համացանցում (Facebook, Instagram, Twitter, Telegram, YouTube) իրականացրել են մի շարք բազմաբովանդակ նախագծեր` ուղղված հանրության բոլոր շերտերին: Գրադարաններն առաջարկում են թվային և տեսալսողական նյութեր ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով: 2021 թվականին գրադարանների համացանցային էջերի հետևորդների քանակն ավելացել է 20 հազար 274-ով՝ դառնալով 74 հազար 926, իսկ 5368 հրապարակումներն ապահովել են 2 միլիոն 722 հազար 828 դիտում: