Հունվարի 26-ը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայկական կինոյի ականավոր գործիչ, կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի 100-ամյա հոբելյանն է:

Կինոյի հանդեպ անսահման նվիրվածությունը մղել է Երզնկյանին հաջողության հասնելու և դառնալու 20-րդ դարի հայ լավագույն ռեժիսորներից մեկը: Նա աչքի էր ընկնում իր աշխատասիրությամբ և պրոֆեսիոնալիզմով: Երզնկյանը մեծ ներդրում ունի հայ կինոյի զարգացման գործում:

Շարունակելով հայ մշակույթի ավանդույթները՝ Յուրի Երզնկյանն իր արվեստով բացահայտել է կինոմտածողության դրսևորման փայլուն օրինակներ՝ անդրադառնալով հայի ինքնությանը, հայի տեսակի հաստատմանը՝ հայկական կինոյին նվիրելով այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Հովազաձորի գերիները», «Առաջին սիրո երգը», «Մեր թաղի ձայները», «Ապրում էր մի մարդ», «Խաթաբալա», «Այս կանաչ-կարմիր աշխարհը», «Սգավոր ձյունը», որոնք ընդմիշտ ներառվել են հայկական կինոյի ոսկե ֆոնդում։

Մասնագիտական գործունեությանը համընթաց՝ Երզնկյանը դասավանդել է և ղեկավարել Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի կինոռեժիսուրայի ամբիոնը՝ փոխանցելով իր մասնագիտական փորձը և նպաստելով սերունդների մասնագիտական կրթմանն ու կայացմանը:

Յուրի Երզնկյանն իր արվեստով, ստեղծագործական կյանքով հաստատել է հայ մտավորականի խորաթափանց, իմաստուն և ազգանվեր նկարագիրը: