Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ նախորդ տարվա դեկտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Լսումներին մասնակցել են հանրակրթության ոլորտի, փորձագիտական և քաղհասարակության շուրջ 130 ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական լսումները նպատակ ունեն ավելի առարկայական քննարկելու դպրոցում առկա խնդիրները և կազմակերպվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավորների առաջարկով:
Մտահոգիչ փաստեր հանրակրթության որակի մասին
Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր ելույթում ներկայացրել է առաջարկվող հիմնական փոփոխությունները և առաջին ընթերցումից հետո նախագծում արված խմբագրումները: Ելույթի նախաբանում մինչ առաջարկվող փոփոխություններին անդրադառնալը փոխնախարարը խոսել է հանրակրթության որակի ներկա մտահոգիչ պատկերի և համակարգային խնդիրների մասին:
«Մեզ հաճախ մեղադրում են, որ փորձում ենք փոխել դպրոցը, նաև մեղադրում են, թե «քանդում» ենք դպրոցը։ Եկե՛ք հասկանանք՝ որ դպրոցի մասին է խոսքը։ Անցնելով 12-ամյա հանրակրթության` մեր երեխաները եթե լավ սովորեն, ապա կկարողանան իրացնել իրենց կարողությունների 57 տոկոսը։ Այն արդյունքը, որը երեխաները ստանում են 12 տարվա ընթացքում, կարող էին ստանալ 9 տարում»,-նշել է Անդրեասյանը` ավելացնելով, որ մեր երկրում յուրաքանչյուր 3-րդ երեխան չի կարողանում կարդալ և պարզ տեքստեր հասկանալ: Նախարարի տեղակալի խոսքով` 2003-2015 թվականներին Հայաստանում աշակերտների 24-42 տոկոսը չի հաղթահարել բնագիտության միջազգային գնահատման ստորին շեմը:
«Սա վկայում է կյանքի մասին գիտությունների և ֆիզիկայի բնագավառում հիմնարար գիտելիքների բացակայության մասին»,- ընդգծել է նա` շեշտելով, որ փոփոխության հրամայականը պայմանավորված է առկա իրավիճակով:
Փոխնախարարը նաև նշել է, որ Հայաստանում 2019 թվականին բարձրագույն կրթական հաստատություն դիմողների մոտ 20 տոկոսը չի հաղթահարել ‹‹Հայոց լեզվի›› կենտրոնացված միասնական քննությունների նվազագույն շեմը:
««Հայոց լեզու›› և ‹‹Հայ գրականություն›› առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018 թվականներին հաղթահարել է 9-րդ դասարանի աշակերտների միայն 54,6 տոկոսը: Ցուցանիշները խոսում են հայոց լեզվի թույլ իմացության կամ առհասարակ չիմանալու մասին: Սրան գումարենք սոցիալական արդարության տեսանկյունից մտահոգիչ այն իրավիճակը, ըստ որի՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակն էապես պայմանավորում է երեխայի կրթական արդյունքը»,- փաստել է Ժաննա Անդրեասյանը:
Տարեկան թափուր է մնում ուսուցչի 700 տեղ
Լուրջ խնդիր է ուսուցիչների համալրման խնդիրը: Ըստ Ժաննա Անդրեասյանի` տարեկան ավելի քան ուսուցչական 700 տեղեր թափուր են մնում, չեն լրացվում նույնիսկ քաղաքային դպրոցների մանկավարժական թափուր տեղերը: Հետզհետե դժվարանում է հատկապես ԲՏՃՄ բնագավառի առարկաների ուսուցիչ գտնելը:
«Այսօր մենք Մանկավարժական համալսարանում, 1-4 կուրսերը միասին վերցրած, ունենք ընդամենը 7 ուսանող, որոնք համապատասխան ֆակուլտետում կրթություն են ստանում՝ որպես ֆիզիկայի ապագա ուսուցիչներ: Այդ ֆակուլտետ 2018-ին դիմել է 4, հաջորդ տարի՝ 3 հոգի: Քիմիայից պատկերն ավելի վատ է. 1 հոգի դիմել է 2017-ին, մեկ հոգի՝ 2018-ին, մյուս տարիներին՝ երեքական հոգի: Ընդհանուր առմամբ՝ ամեն տարի շուրջ 21 հազար շրջանավարտներից մանկավարժ դառնալու ցանկություն է հայտնում ընդամենը 500 հոգի, մինչդեռ հանրապետության ուսուցիչների գրեթե կեսը 50 տարեկանից բարձր տարիքի է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ առաջիկա տասնամյակում պետք է ուսուցչական կազմի էական համալրում իրականացվի:
Ուսուցչի աշխատավարձի բարձրացման մասին
Փոխնախարարի խոսքով` ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով պետք է փոխվի ուսուցչի դրույքաչափը, ինչը նախատեսված է առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ. «Դրույքաչափի փոփոխությունը պետք է լինի էական։ Խոսքը 10, 20, 30 հազար դրամի մասին չէ։ Եթե այս պահին 108 հազար 800 դրամ է դրույքաչափը, պետք է քննարկենք այն 200 հազար դրամ դարձնելու հնարավորությունը։ Ուսուցիչը, անցնելով կամավոր ատեստավորման համակարգով, կարող է ստանալ մինչև 50 տոկոս հավելավճար, որը կկիրառվի այս դրույքաչափի նկատմամբ: Ուսուցիչը նաև կունենա հնարավորություն ստանալու տարակարգ և կրկնապատկելու աշխատավարձը։ Սա նշանակում է, որ օրենքի ընդունման պարագայում մենք գնալու ենք ատեստավորման կարգի նման փոփոխությունների. հաշվարկներն արդեն արված են, որ մենք կարողանանք ուսուցչի 400 հազար դրամ աշխատավարձը դարձնել մի իրողություն, որը կարող է հասանելի լինել մեր ուսուցիչների զգալի մասին, տարեցտարի՝ նաև բոլորին»։
Փոփոխություններ՝ 4 հիմնական ուղղությամբ
Նշելով, որ ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխությունները 4 հիմնական ուղղությամբ են իրականացվում` հանրակրթության բովանդակություն, ուսուցիչների մասնագիտական զարգացում և կատարելագործում, համընդհանուր ներառականություն, կառավարման արդյունավետության բարձրացում, նախարարի տեղակալը խոսել է առաջարկվող հիմնական լուծումների մասին:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նպատակը հանրակրթության համակարգի փոփոխությունն է, որը սոսկ օրենքի փոփոխությամբ չի կարող իրագործվել: Համակարգի փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ կփոխվեն և կներդաշնակեցվեն բոլոր բաղադրիչները: Ըստ այդմ, ինչպես բանախոսն է նշել, փոխվում են նաև դպրոցի ֆինանսավորման ձևը, ուսուցչին ներկայացվող պահանջները, վերապատրաստման և ատեստավորման պահանջները, փիլիսոփայություն է դրվում տնօրենին վերապահված գործառույթներում:
Խորհրդարանական լսումների մասնակիցները հարցեր են ուղղել հիմնական զեկուցողին, հանդես են եկել ելույթներով` հնչեցնելով կարծիքներ և առաջարկներ քննարկվող օրինագծի վերաբերյալ:
«Ես գիտեմ, որ մենք համակարգում ունենք մարդիկ, որոնց համար մեր երեխաների կրթությունն ամենակարևորն է, և որոնք իմ վստահության ու լավատեսության հիմքն են»,- եզրափակիչ խոսքում նշել է փոխնախարարը` ավելացնելով, որ լսումների ընթացքում բարձրաձայնված բոլոր առաջարկները կքննարկվեն: