Այսօր՝ հունվարի 25-ին, «Դինամո» մարզահամալիրում մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումների մեկնարկը 16:00-ին է: Հայաստանի առաջնությանն ավելի քան 80 բռնցքամարտիկ կմասնակցի Երևանից, Գյումրիից, Վանաձորից և հանրապետության այլ մարզերից:

Երեկ կայացել են մրցաշարի կշռման արարողությունն ու վիճակահանությունը:

Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է հավաքականը, որը մայիսին Երևանում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հույս է հայտնում, որ առաջնությունից հետո վնասվածքներ չեն լինի, և բռնցքամարտիկները պատրաստ կլինեն հետագա մարզումներին:

Ինչ վերաբերում է Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, մարզիչը փաստում է, որ սպասելիքներն ու պատասխանատվությունը շատ մեծ են. «Կաշխատենք պատվով հանդես գալ: Տղաները շատ ոգևորված են, վստահ եմ՝ ավելի լավ կպատրաստվեն, չնայած մինչ այս էլ դժգոհություն չունեմ իրենց մարզումներից»:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-31-ը Երևանում, իսկ Հայաստանի առաջնությունը կտևի մինչև հունվարի 29-ը: