ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ ի նվիրումն Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակի. խորագիրը՝ «Հերոսներին. 44»:

Համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի հանճարեղ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը, որը հայտնի է նաև «Զանգերով» սիմֆոնիա անվամբ:

Արամ Խաչատրյանի այս ստեղծագործությունը, որը գրվել է Հայրենական մեծ պատերազմի օրերին, ազգային աղետի դեմ համառ պայքարի մարմնավորում է։ Այն լավագույնս է արտահայտում այն ապրումները, հայրենիքի հանդեպ նվիրվածությունն ու անկոտրում պայքարը, որը դրսևորել է հայ զինվորը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։