Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանին (MoMA) մշտական պահպանության են հանձնվել Սերգեյ Փարաջանովի վերականգնված կարճամետրաժ երեք ֆիլմերիՀակոբ Հովնաթանյան» (Հայաստան, 1967 թ.), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա, 1966 թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան, 1986 թ.) ժապավենային օրինակները՝ ապահովելով հավաքածուում փարաջանովյան արվեստի անփոխարինելի ներկայությունը։

Այս առիթով թանգարանը 2022 թվականի հունվարի 19-ին և 20-ին «The MoMA International Festival of Film Preservation» «To Save and Project» ծրագրի շրջանակում արվեստասեր հանրությանն է ներկայացրել Սերգեյ Փարաջանովի պոետիկ վավերագրության յուրօրինակ ամբողջությունը՝ տրիպտիխը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկնազարով նախագիծ» ընկերության համագործակցությամբ իրականացվել են Սերգեյ Փարաջանովի երեք կարճամետրաժների վերականգնման և ժապավենային տպագրության աշխատանքները։ Ֆիլմերի վերականգնման աշխատանքները ֆինանսավորվել են «Ֆիքսաֆիլմի» կողմից «Համո Բեկնազարով նախագծի» շրջանակում լոնդոնյան «Կինոկլասիկա» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, իսկ ՀԲԸՄ Նյու Յորքի կենտրոնի կողմից ֆինանսավորվել է վերականգնված օրինակների՝ 5 օրինակով ժապավենային (35 մմ) տպագրությունը։ Օրինակներից մեկը պահպանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնում, մեկական օրինակներ տրվել են Վրաստանին և Ուկրաինային, մեկական օրինակներ էլ մշտական պահպանության են հանձնվել Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանին և Փարիզի «Պոմպիդու» արվեստի կենտրոնին։

Նշենք, որ Փարաջանովի կարճամետրաժների ժապավենային տրիպտիխը ուղիղ մեկ ամիս առաջ (դեկտեմբերի 15, 2021 թ) հանդիսավոր պայմաններում մշտական պահպանության է հանձնվել Փարիզի ‹‹Պոմպիդու›› արվեստի կենտրոնին։ Ի դեպ, Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» հայկական առաջին ֆիլմն է, որն իր կարևոր տեղն է զբաղեցրել արվեստի՝ համաշխարհային նշանակության երկու խոշոր կենտրոններում՝ «MoMA»-ում և «Պոմպիդու»-ում:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերականգնված երեք կարճամետրաժների ծրագիրն իրականացնելու նպատակով համագործակցել է Ուկրաինայի (‹‹Դովժենկոյի կենտրոն››), Վրաստանի (‹‹Վրացական ֆիլմ››), Ռուսաստանի (‹‹Gosfilmofond››) գործընկեր կազմակերպությունների հետ, ինչպես նաև Լեհաստանի (‹‹Fixafilm››), Ֆրանսիայի (‹‹Համո Բեկ-Նազարով նախագիծ››), Լոնդոնի (‹‹Kino Klassika››), ՀԲԸՄ-ի նյույորքյան կենտրոնի հետ։