ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին. քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:

Հ. Հովհաննիսյանը, ողջունելով դեսպանին, ասել է, որ ԵՊՀ-ն սերտորեն համագործակցում է Ռուսաստանի տարբեր բուհերի, ինստիտուտների և հետազոտական կենտրոնների հետ: Ռեկտորը նշել է, որ ռուսագիտության զարգացումը մեծապես կարևորվում է ԵՊՀ-ում, ինչի վկայությունն են համալսարանում գործող Ռուս բանասիրության ֆակուլտետը, Ռուսական կենտրոնը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գործող ռուսաստանյան հետազոտությունների նորաստեղծ կենտրոնը, ինչպես նաև դրան ուղղված տարբեր միջոցառումներ:

Հ. Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ դեսպանության աջակցությամբ համագործակցության նոր ձեռքբերումներ կգրանցվեն տարբեր ուղղություններով, ինչպես նաև կյանքի կկոչվեն տարբեր ծրագրեր:

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով Հ. Հովհաննիսյանին համալսարանի կառավարումը ստանձնելու կապակցությամբ, ընդգծել է, որ իրենց համար ևս ԵՊՀ-ի հետ համագործակցությունն առաջնահերթություն է, քանի որ այն Հայաստանի առաջատար բուհն է և հետազոտական գլխավոր կենտրոններից մեկը:

Դեսպանը կարևորել է համատեղ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն կընձեռեն սերտացնելու փոխադարձ շփումները, ձևավորելու երկխոսություն մասնագետների միջև և առավել ամրապնդելու փոխգործակցությունը:

Կողմերը քննարկել են նաև հստակ ծրագրեր և միջոցառումներ, որոնք դրական զարգացումներ կհաղորդեն կրթական ու գիտական կառույցների հետ համագործակցությանը՝ նպաստելով կապերի ամրապնդմանը: