Հունվարի 20-ը ռեժիսոր, բեմադրիչ, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի ծննդյան օրն է. այսօր լրացավ նրա 65- ամյակը։

Հոբելյանական օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է վաստակաշատ արվեստագետին և շնորհավորել հոբելյանի առթիվ:

Նախարարի տեղակալը Ռուբեն Բաբայանին է փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը:

Իր խոսքում նախարարը բարձր է գնահատել Ռուբեն Բաբայանի դերն արդի հայ բեմական արվեստի, թատերական մանկավարժության, քաղաքացիական ազատությունների գիտակցման ու կայացման կարևորագույն գործում և մաղթել ամուր առողջություն, անսպառ լավատեսություն և ներշնչումներ:

«Միայն բացարձակ ազատախոհության, նախապաշարումներից զերծ լինելու, սեփական միջավայրին ու գործին անմնացորդ նվիրումի շնորհիվ կարող էր իրականություն դառնալ ոչ միայն Տիկնիկային թատրոնի վերափոխումը, այլև նրա վերաճումն առաջատար մշակութային կենտրոններից մեկի, ուր բոլոր ժամանակներում տեղ են ունեցել ազատ միտքը, անկաշկանդ երևակայությունը և նորարարությունը»,- նշել է Վահրամ Դումանյանը և վստահություն հայտնել, որ Ռուբեն Բաբայանը շարունակելու է ծառայեցնել իր հարուստ կենսական ու մասնագիտական փորձը հայ թատերական արվեստի առաջընթացին և քաղաքացիական միջավայրի ամրապնդմանը։

Ռուբեն Բաբայանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և գնահատանքի համար և իրեն հատուկ անմիջականությամբ ու երախտագիտությամբ նշել. «Կյանքն ի վերուստ տրված նվեր է, և եթե այն կարողանում ես դարձնել հետաքրքիր, ստեղծագործական լիցքերով հարուստ, ուրեմն քեզ կրկնակի նվեր է տրված: Իմ կյանքն ամբողջովին կապված է եղել Տիկնիկային թատրոնի հետ, և այսօր ինձ համար ամենամեծ նվերը թատրոնի այսօրվա վիճակն է՝ ստեղծագործող, կենդանի, հետաքրքիր, իր շուրջը հավաքած բազմաթիվ տաղանդավոր, երիտասարդ մարդկանց: Կյանքը հետաքրքիր է նաև այնքանով, որքանով քո շարունակությունը տեսնում ես աշակերտներիդ մեջ. այսօր իմ սաները մեծ հաջողությունների են հասել Հայաստանի և արտերկրի տարբեր թատրոններում: Սա մեծագույն երջանկություն է: Այո՛, ես երջանիկ մարդ եմ, որովհետև շրջապատված եմ անկեղծ, բարի, տաղանդավոր մարդկանցով, որոնց հետ հնարավորություն ունեմ շփվելու և նրանցից վերցնելու ամենալավը»: