Ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունում պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում նշանակալի ներդրման համար:

Տակահիրո Ակիբան Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ստեղծված ‹‹Կոմիտասի անվան երաժշտական միության›› («Komitas Society») համահիմնադիրն ու ղեկավարն է և շատ ակտիվ է հայ երաժշտության համերգների կազմակերպման գործում:

Մեդալը երաժիշտին հանձնել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը: Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում իրագործվելիք ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները:

Դուդուկահար Յասուտակա Տարումին ևս ճապոնական հանրության շրջանում հայկական դուդուկի մասին իրազեկվածության բարձրացման գործում նշանակալի ներդրման համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով:

Տեղեկացնենք նաև, որ ս.թ. մարտի 13-ին Տոկիոյում կկայանա Ակիբայի և ջութակահար Կեիկո Ուրուշիհարայի համերգը, որի ընթացքում անվանի երգահան Առնո Բաբաջանյանի 100-ամյակի կապակցությամբ երաժիշտները կկատարեն նաև նրա ստեղծագործություններից: