Հայաստանի շախմատի ակադեմիան հունվարի 8-ից 16-ն անցկացրել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են շուրջ 430 երեխաներ, պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից:

Մասնակիցները մրցել են հետևյալ տարիքային խմբերով.

Ա-5 մրցաշար – մինչև 8 տարեկան տղաներ,
Ա-4 մրցաշար – մինչև 10 տարեկան տղաներ,
Ա-3 մրցաշար – մինչև 12 տարեկան տղաներ,
Ա-2 մրցաշար – մինչև 14 տարեկան տղաներ և աղջիկներ,
Ա-1 մրցաշար – մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ,
Բ մրցաշար – մինչև 12 տարեկան աղջիկներ:

Հուշամրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարերի բոլոր հաղթողները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և դրամական մրցանակներով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 2 500 000 ՀՀ դրամ:

Հուշամրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ շրջել է մրցաշարի դահլիճում և հետևել մրցումներին:

Հունվարի 17-ին էլ ավարտվել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարի շրջանակում անցկացվող շրջանային մրցաշարը:

Միջազգային գրոսմայստերի նորմայով անցկացվող մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Սերգեյ Լոբանովը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Վերջինս լրացրել է նաև միջազգային գրոսմայստերի նորմա:

Ռուսաստանը ներկայացնող միջազգային գրոսմայստեր Նիկիտա Պետրովը վաստակել է 6 միավոր՝ զբաղեցնելով 2-րդ տեղը, իսկ Վրաստանի ներկայացուցիչ, միջազգային գրոսմայստեր Զուրաբ Ստուրուան, իր ակտիվում ունենալով 5,5 միավոր, եզրափակել է լավագույն եռյակը:

Միջազգային վարպետի նորմայով անցկացվող մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Թորոսյանը, որը 7 միավոր է վաստակել և լրացրել միջազգային վարպետի նորման:

Հայաստանը ներկայացնող Արսեն Դավթյանը և Էրիկ Չաքրյանը վաստակել են 6-ական միավոր՝ կիսելով 2-3-րդ տեղերը: Լրացուցիչ միավորների հաշվարկից հետո Արսենը զբաղեցրել է 2-րդ, իսկ Էրիկը՝ 3-րդ հորիզոնականը: