Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Օտարերկրյա որակավորումների ճանաչումը` որպես բուհերի միջազգայնացման և շարժունության հիմնաքար» թեմայով աշխատաժողով՝ պետական համալսարանների ռեկտորների, միջազգային կապերի գծով պրոռեկտորների և աշխատակիցների մասնակցությամբ:

Ողջույնի խոսքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհրդին միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար և նշել, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի միջազգայնացման շրջանակում նախարարության կողմից բուհերի համար կազմակերպվող աշխատաժողովները լինելու են շարունակական:

Քննարկվող թեմայի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2021 թ. ուժի մեջ է մտել ասիական և խաղաղօվկիանորսյան տարածաշրջանում բարձրագույն որակավորումների փոխճանաչման Տոկիոյի կոնվենցիան, իսկ նոյոմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից միաձայն հավանության է արժանացել ՀՀ կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Բոլոր երեք կոնվենցիաները (Հայաստանը դեռ 2005 թվականին միացել էր եվրոպական տարածաշրջանում Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման Լիսաբոնի կոնվենցիային) ունեն ռազմավարական նշանակություն և խթանում են ՀՀ որակավորումների ճանաչումը աշխարhի տարբեր տարածաշրջաններում, ակադեմիական և մասնագիտական շարժունությունը:

Նիստի ընթացքում Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) տնօրեն Գ. Հարությունյանը և բարձրագույն կրթության փորձագետ Ա. Հովհաննիսյանը ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, մասնավորապես ՀՀ բուհերի կողմից իրականացվող օտարերկրյա որակավորումների և կարճաժամկետ ուսուցման/կրեդիտային շարժունության ճանաչման մասին հետազոտությունը: Հարցուպատասխանի և շահագրգիռ քննարկման միջոցով ներկայացվել են օտարերկրյա որակավորումների ճանաչման ընթացակարգերը, այդ գործընթացում ԱՓՇԱՏԿ–ի կողմից մատուցվող ծառայությունները:

Նիստին ներկա էին ՀՀ բուհերից շուրջ 40 մասնակից՝ ներառյալ 12 ռեկտոր, ռեկտորի տեղակալներ և միջազգային բաժինների ներկայացուցիչներ: ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքների ներկայացումից հետո տեղի է ունեցել քննարկում ճանաչման գործընթացում առկա խնդիրների, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության և գործող ընթացակարգերի վերանայման վերաբերյալ: