ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի և Հասմիկ Հակոբյանի ներկայացրած «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը, որն ուղղված է ոչ ֆորմալ, ինֆորմալ կրթության ճանաչմանը:

Հիմնական զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ նախագծով փորձ է արվում կարգավորելու լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման կարգը՝ առաջարկելով պայմաններ ստեղծել` ճանաչելու քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը: Ըստ նախագծի համահեղինակի՝ օրենսդրական նախաձեռնությամբ հնարավոր կլինի կարգավորել օրենսդրական ճգնաժամը, ամրապնդել լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման գործընթացները, ինչպես նաև առավել արդյունավետ իրականացնել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման ու վկայագրման ոլորտում ներդրված պետական քաղաքականությունը, ապահովել ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:

«Խոսքը ոչ ֆորմալ, ինֆորմալ ճանապարհով անձի ձեռք բերած գիտելիքները, կարողությունները ճանաչելուն և այդ գործընթացը կազմակերպելուն է վերաբերում: Այս փոփոխությամբ մենք փորձում ենք մարդու՝ կյանքի ընթացքում ձեռք բերած ցանկացած գիտելիք կամ կարողություն պետականորեն ճանաչել: Այսօր էլ աշխատակիցները երբեմն անցնում են վերապատրաստումներ, դասընթացներ, բայց դրանք որևէ տեղ փաստացի, իրավական փաստաթղթով չեն արձանագրվում: Չկա կարգավորում, թե որ կազմակերպությունները կարող են անցկացնել վերապատրաստման դասընթացներ, ինչ ծրագրով, ով է երաշխավորել այդ ծրագիրը: Բացակայում է միասնական վկայականի տրամադրումը: Այս նախագծով մենք փորձ ենք անում կարգավորելու այդ խնդիրները»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ կլինի ազգային ռեեստր, որը կվարի ամբողջ գործընթացը, և պետությունը, գործատուն հստակ կիմանան, թե աշխատակիցն ինչ ծրագրով է անցել վերապատրաստումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը՝ ընդգծելով, որ գործադիրը ներկայացրել է որոշ տեխնիկական ու խմբագրական բնույթի առաջարկներ: Նրա խոսքով՝ ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների ճանաչումն ուղղակի այլընտրանք չունի:

Օրենքի փոփոխության համատեքստում քննարկվել է նաև պետական բյուջեի միջոցներով ոչ պետական դպրոցների տարրական դասարանների սովորողներին անվճար դասագրքերով ապահովելու հարցը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Բաբայանը: