Հունվարի 19-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի հիշատակին: Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Որպես մենակատար հանդես կգա քանոնահար Մարիաննա Գևորգյանը։
Համերգային ծրագրում կհնչեն Ռուբեն Ալթունյանի և Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները։
Նշենք, որ քանոնահար, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը վերջերս դարձել է «Global Cultural Initiative World Folk Vision» համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել է ազգային նվագարան քանոնը։ Տաղանդավոր հայուհին 115 երկրի 3950 մասնակիցների շարքում արժանացել է գլխավոր՝ «Գրան-պրի» մրցանակին։
Հավելենք, որ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը ծնվել է 1939 թվականին: 1965 թվականին արժանացել է Անդրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակին, իսկ 1969 թվականին՝ ԽՍՀՄ համամիութենական երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթի 2-րդ մրցանակին: 1987-90 թթ. եղել է Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 1983-96 թթ.` Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում:
Ռուբեն Ալթունյանը հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ: 1983 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2001 թվականին` ՀՀ պետական մրցանակի, 2009 թվականին` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է 2021 թվականին։