ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2021 թվականից պետական աջակցություն է ստանում «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը:

Թերթը հրատարակվել է 2003 թվականից՝ որպես «Սյունյաց երկիր» մարզային տասնօրյա պարբերականի մշակութային հավելված, որտեղ ևս լուսաբանվել են Սյունյաց երկրի հոգևոր-մշակութային կարևոր իրադարձություններն ու խնդիրները: Եվ միայն 2021-ի մարտի 30-ից խմբագրակազմի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ պարբերականը լույս է տեսնում որպես «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդես:

Բացի հոգևոր-մշակութային կյանքի լուսաբանումից՝ այսօր պարբերականն ադրադառնում է նաև օրախնդիր հարցերին, դրանց պարզաբանմանն ու վերհանմանը՝ արթուն պահելու սյունեցու, հայի պատմական հիշողությունը:

2021 թվականին հրատարակվել է «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա պարբերականի 4 հատուկ համար: Առաջին համարը նվիրված էր Սյունյաց աշխարհի քրիստոնեական սրբավայրերին, որոնք 2020 թվականից դուրս են մնացել հայկական տիրույթից:

Երկրորդ համարն ամբողջությամբ լուսաբանել է Սյունիքի մերօրյա գրական աշխարհը՝ «Ի սկզբանե էր բանը» բանալի խորագրով:

Երրորդ համարը նվիրված էր Գարեգին Նժդեհի գրական-գեղարվեստական ժառանգությանը և նրա կերպարի մշակութային մեկնություններին: Այն նաև խորհրդանշական էր Լեռնահայաստանի անկախության հռչակման հոբելյանին:

Չորրորդ համարը նվիրված էր Շուշիին՝ հայոց հնամյա պատմության ու մշակույթի հավերժող առասպելին:

Թերթը կհրատարակվի «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի շրջանակում նաև 2022 թվականին՝ տպաքանակի ընդլայնմամբ և դարձյալ թեմատիկ շեշտադրումներով: Ընթացիկ տարվա առաջին համարը նվիրված է երաժշտական Սյունիքին՝ վաղ միջնադարից մինչև մեր օրեր: